18:35 - Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում         18:25 - Վեց հատկություն, որոնք դուր են գալիս տղամարդկանց      18:12 - Գեւորգ Սաֆարյանն տեղափոխվել է անվտանգ խուց    

19 հուլ 2016 20:55

Երջանկության կարևոր պայման են անձի բնութագրիչներն ու հատկանիշները

Ըստ Դեմոկրիտի՝ երջանկությունը հարստության մեջ չէ, այն հոգու մեջ է: 
Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Սակայն հնարավոր է երջանիկ մարդու բնութագրականներից նշել, օրինակ՝ հոգեկան և ֆիզիկական հարմարավետությունը, ինքնավստահությունը, ադեկվատ ինքնագնահատականը, հոգնածության, նաև լարվածության, ճնշվածության, տագնապի բացակայությունը: Կա նաև տեսակետ, որ երջանիկ են այն մարդիկ, ովքեր կարողանում են պլանավորել և արդյունավետ օգտագործել ժամանակը, վստահորեն են նայում ապագային: Մի շարք գիտնականներ գտնում են, որ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության, ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը իմացական (կոգնիտիվ) մասնիկն է երջանկության: Եվ պատահական չէ, որ մարդիկ երջանկությունը կապում են դրական հույզերի և բավարարվածության հետ: 
Հոգեբանական տեսանկյունից, երջանկության կարևոր պայման են անձի բնութագրիչներն ու հատկանիշները: Երջանկությունը և հատկապես դրական հույզերը կորելացվում են էքստրավերսիայի, իսկ բացասական հույզերը՝ ինտրովերսիայի հետ: Օրինակ, պոզիտիվ հոգեբանության տեսանկյունից, երջանկությունը չի համարվում  «գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝ օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները, ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար, օրինակ՝ դեպրեսիան: 
Հումանիստական հոգեբանության մեջ Կ.Ռոջերսը նշել է, որ ինքնաճանաչումը մարդուն տալիս է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:
Երջանկության դետերմինանտների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասել, որ երջանկության հոմանիշ է հոգեբանական բարեկեցությունը: Երջանկության դետերմինանտներ կարող են լինել օբյեկտիվ և սուբյեկտիվ  գործոնները: Օրինակ, առողջություն, եկամուտ, սեր, էքստրավերսիա և այլն: Իսկ հոգեկան բարեկեցության բազային բաղկացուցիչներ կարելի է համարել՝ ինքն իրեն ընդունելը, դրական վերաբերմունքը մյուսներին, նպատակի առկայությունը, որն իմաստ է տալիս կյանքին, անձնային աճը և ինքնառեալիզացիան: 
Ինչպես նշել է Պասկալը. «Բոլոր մարդիկ ձգտում են երջանկության: Այդ կանոնից բացառություններ չկան»:
 
Հ.Գ.Թ., դոցենտ Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր