Ներկայիս իշխանության ընտրած բոլոր տարբերակները շատ ավելի քաղաքակիրթ են, քան անհրաժեշտ է. Տեսանյութ

Խոսելով արցախյան հիմնահարցի մասին
Հայկ Մարտիրոսյանը նշեց, որ հարցի շուրջ
ակտիվացած խոսակցությունները կապված են հակահեղափոխական գործողությունների հետ.«Ես ընդհանրապես դեմ եմ «տարածքների վերադարձ» արտահայտությանը. չկա վերադարձ, կա հանձնում: Դրանք հայկական տարածքներ են: Պետք է աստիճանաբար հրաժարվել ամբողջ բանակցային փաթեթից և Արցախի անկախության և ազատության մոտեցումից քանի որ այն շատ վտանգավոր է հայկական հարցի, Հայաստանի և նույն Արցախի անվտանգության համար: Մենք այդ 7 շրջանները որևէ իրավական նորմով չենք կարող պահպանել, եթե Արցախը չենք ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածք: Տարածվող այն խոսակցությունները թե հնարավոր է ներկայիս իշխանությունները
տարածքներ զիջեն, ապա ասեմ, որ այս իշխանությունը չունի որևէ տարածք հանձնելու մտադրություն: Իսկ հեղափոխությունը դեռ կիսատ է, այն պետք է տեղի ունենա նաև Արցախում: Բակո Սահակյանը համակարգի մաս է և պետք է նույնպես հեռացվի»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:
Անդրադառնալով իր դեմ սկսված արշավին՝ նա հիշեցրեց իր խոսքը, որը կոնտեքստից կտրված էր ներկայացվել. «Եթե Արցախը իրապես ուզում է անկախ լինել Հայաստանից, եթե Արցախում իրապես գտնում են, որ իրենք պետք է անկախ լինեն և սրտանց հավատում են այդ անկախությանը, ապա միայն այդ պարագայում արցախցիները թող իրենք պաշտպանեն Արցախը: Եթե անկախ պետություն է, ինչո՞ւ պետք է ՀՀ զինվորները գնան և զոհվեն ուրիշ ժողովրդի (անգամ մարդու բերանի չի պտտվում ասել, որովհետև մենք նույն ժողովուրդն ենք) անկախության կամ ազատության համար»:
Ինչ վերաբերվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հայկ Մարտիրոսյանի
կարծիքով՝ տեղի կունենան կա՛մ ձմռանը, կա՛մ գարնանը, ինչը նա լավ տարբերակ չի համարում: «Ես կարծում եմ, որ հեղափոխական տրամադրությամբ պետք է ընդհանրապես Ազգային ժողովը ցրվեր Հանրապետության հրապարակում, պետք է Սահմանադրությունը կասեցվեր Հանրապետության հրապարակում: Ցավոք սրտի, այժմ խոսք չի գնում սահմանադրական փոփոխությունների մասին, իսկ Սահմանադրությունը ոչ լեգիտիմ է, բոլոր օրենսգրքերը ոչ լեգիտիմ են: Կարելի էր դրանք դադարեցնել, արտակարգ դրություն հայտնել, և հավաքված անսահմանափակ ուժով կարելի էր անել ամեն ինչ: Դա է դասական հեղափոխության օրինակը: Ներկայիս իշխանության կողմից ընտրված մնացած բոլոր տարբերակները շատ ավելի քաղաքակիրթ են, քան անհրաժեշտ է, և դրանք մեծ խնդիրներ հարուցեցին և հարուցելու են իշխանությունների համար: Իմ խորին համոզմամբ՝ հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում: Ըստ էության լրջագույն քաղաքական ճգնաժամ է ստեղծվել, որովհետև հակապետական գործողություն ծավալած պարտված մարդիկ հիմա ունեն ազատություն և մեծ թափով են ծավալում. ստեղծվել է ժողովրդավարության վակխանալիա»,- նկատեց Հայկ Մարտիրոսյանը:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում