Քոչարյանի վիճակը բարդացրին լավագույն մղումներից ելնելո՞վ, թե մտածված
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ներգրավման շուրջ ստեղծված իրավիճակը ավելի ու ավելի է մոտենում սեւի եւ սպիտակի, բաժանարար ընդգծված, կոշտացող գծերով: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անգամ հայտարարում է, թե Հայաստանում մտքի տեռոր է: Նա նկատի ունի Քոչարյանին պաշտպանող ուժերի հանդեպ հանրային կոշտ վերաբերմունքը: Դրանից բողոքում են նաեւ երկրորդ նախագահի փաստաբանները:
Առերեւույթ խնդիրն առկա է, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է այդպես: Առաջնային բացատրությունը թերեւս այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասնամյակը «աչքի» է ընկել հանրության հանդեպ իշխանության այնպիսի պահվածքով՝ Մարտի 1 ողբերգական գագաթնակետով, որ նրան պատասխանատվության ենթարկելը, արդարադատություն իրականացնելը հասարակության համար դարձել է ծարավի բնական զգացումի պես մի բան: Դրա համար պետք էր, որ նախորդ իշխող համակարգը հանրությանը չզրկեր արդարադատությունից, իրավունքներից եւ ազատություններից: Թեեւ, իհարկե հենց դա էր այդ համակարգի գոյության գրավականը:
Սակայն այստեղ իհարկե բավական խառնված են ռացիոնալն ու զգայականը, որովհետեւ ի վերջո Ռոբերտ Քոչարյանը չի եղել այդ համակարգի միակ պատասխանատուն, ավելին՝ նա չի եղել այդ համակարգի ստեղծողը, նա որոշակի փուլում եղել է համակարգի երաշխավորը, սակայն ինքնին համակարգը ստեղծվել է ավելի վաղ, կատարելագործվել է, գոյություն է ունեցել նաեւ Քոչարյանից հետո:
Այդ իմաստով, Քոչարյանի ներգրավումը հանրության համար շատ կոնկրետ Մարտի 1-ի գործից զատ, թերեւս պետք է լինի «համակարգի ամբողջական գործ», օգնելով կոնկրետ Մարտի 1-ին զուգահեռ բացահայտել համակարգը ամբողջությամբ, հետագայում այդօրինակ համակարգի ձեւավորումը հենց «օրորոցում» թույլ չտալու համար: Դա իհարկե խոսակցության այլ նյութ է, բայց հույժ կարեւոր:
Ինչ վերաբերում է կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա այստեղ կա ոչ թե տեռոր, ինչպես ասում է օրինակ Հրանտ Մարգարյանը,- իսկ նա հազիվ թե չիմանա, թե ինչ է տեռորը,- այլ հանրության արձագանք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը ձեռնամուխ եղած տարբեր սուբյեկտների գործողություններին, այդ թվում՝ քաղաքական ուժերի, գործիչների:
Բանն այն է, որ երկրորդ նախագահի հանդեպ իրավական գործընթացին նրանք անմիջապես տվեցին քաղաքական երանգավորում: Ընդ որում, դա առաջինն արեց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, իր բացառիկ հարցազրույցով: Բայց նրա այդ քայլը գուցե հնարավոր է վերագրել հենց զգայականությանը: Ի վերջո, որ նույն գիշերը նա քնել է քնաբերի ազդեցության տակ, ինչպես հետո հայտարարեց նրա պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:
Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ նյարդային էր, հուզված, որոշակի խուճապահար՝ իր հանդեպ մեղադրանքից ու կալանավորման որոշումից, եւ այդ պայմաններում նա կարող էր համարժեք չգնահատել իրավիճակն ու տալ քաղաքական երանգավորումը, ինքնապաշտպանության բնազդով:
Այլ է հետագայում նրա պաշտպանությանը ձեռնամուխ եղած թե իրավական, թե քաղաքական ուժերի ու գործիչների պարագան: Նրանք չունեն խուճապի, վախի, նյարդայնության պատճառ, ունեն բավականաչափ ժամանակ իրավիճակը խորությամբ գնահատելու համար, որպեսզի գային պարզ եզրահանգման՝ Ռոբերտ Քոչարյանն իհարկե համեմատաբար, բայց ավելի կշահեր, եթե նրա պաշտպանները մնային բացառապես իրավականության շրջանակում՝ թույլ չտալով դրանից դուրս գալ որեւէ մեկին, չփորձելով երկրորդ նախագահի պաշտպանությունը կառուցել «քաղաքական հետապնդման», «37 թվի» կամ «տեռորի» խաղարկման վրա:
Մինչդեռ, հենց պաշտպանողների շրջանակը անցավ այդ խաղարկմանն ու ավելի բարդացրեց Քոչարյանի դրությունը: Ընդ որում, անկախ նույնիսկ խափանման միջոցից, որովհետեւ առնվազն ներկայում մեծ հարց է, թե որն է նրա համար ավելի նախընտրելի՝ դուրս գալ կալանքից, թե մնալ կալանավորված: Նրանք ստեղծեցին սեւ-սպիտակի նախադրյալը, կամ ավելի խթանեցին այն, նվազեցնելու փոխարեն, երբ ակնհայտ էր, որ հանրային այդ արձագանքների հավանականությունը մեծ էր օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք այլ պատճառներից ելնելով:
Այդպիսով, Քոչարյանին սեւ-սպիտակից հնարավորինս զերծ պահելու փոխարեն, նրա իրավական ու քաղաքական պաշտպանները էլ ավելի մոտեցրին այդ գծին՝ բաժանարար կոշտ գծին:
Պետք չէ բացառել իհարկե, որ նրանք դա արել են ոչ թե ակամա՝ պաշտպանության լավագույն մղումներից ելնելով, այլ շատերի դեպքում՝ գուցե մտածված: Օրինակ, որքան բարդ լինի Քոչարյանի վիճակը, այնքան գուցե նա պատրաստ լինի ավելի մեծ գին վճարել այդ վիճակից դուրս գալու համար: Թեեւ, պաշտպանող սուբյեկտներից շատերի շրջանակում հնարավոր են անշուշտ նրա վիճակի բարդացման ոչ միայն կոմերցիոն շարժառիթներ, այլ նաեւ քաղաքական: Գուցե տարօրինակ հնչի, բայց պաշտպանող սուբյեկտների մի զգալի մասն է թերեւս քաղաքական հետապնդում իրականացնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: