09:19 - «Ժողովուրդ». Իրավիճակ է փոխվել. ՀՀԿ-ն դրժում է խոստումը         09:09 - Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 24-ին      22:00 - «Արգանդի պարանոցի զրոյական փուլի քաղցկեղի բուժումը կլինի անվճար». Վահե Տեր-Մինասյան    

11 օգոս 2018 13:40

Հնարավոր է մի շարք պաշտոնյաներ բացահայտվեն, ովքեր մտքներովս չեն անցել.Բոլորը մեկ նավի վրա են, Եթե մեկը խորտակվեց, մյուսներն էլ են խորտակվելու

Հնարավոր է մի շարք պաշտոնյաներ բացահայտվեն, ովքեր մտքներովս չեն անցել.Բոլորը մեկ նավի վրա են, Եթե մեկը խորտակվեց, մյուսներն էլ են խորտակվելուLragir.am-ի զրուցակիցն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը

Պարոն Բարսեղյան, ԱԱԾ խուզարկությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող տարածքներում կամ բնակարաններում մեծ քանակի զենքեր են հայտնաբերվում: Վերջին բացահայտումը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է վերաբերում: Ինչո՞ւ էր նախկին իշխանությունը զինված, և ի՞նչ կապ կարող են այդ զենքերն ունենալ Մարտի մեկի հայտնի դեպքերի հետ:

 

Ընդհանրապես ավտորիտար ռեժիմների պարագլուխները կամ կլաններն անպայման հարկ են համարում զինված լինել: Կա օրինական ձևակերպված զենք, կա նաև ահռելի քանակությամբ ապօրինի զենք, որովհետև չէին կարող այդքանն օրինական ձևակերպել: Ես չեմ զարմանում այս պատկերից, կարևորն այն է, որ պատշաճ փորձաքննություն իրականացվի և պարզվի, թե առայժմ չբացահայտված մի շարք սպանությունների հետ ինչ կապ ունեն դրանք, գտնված որ պարկուճները կամ գնդակներն ուղիղ կապ ունեն այդ զենքերի հետ: Դա պատշաճ փորձաքննությունը ցույց կտա: Հատուկ քննչական ծառայության պետն ասաց այն մասին, որ Մարտի մեկի գործով մոտ 1300 պարկուճ կարողացել են նույնականացնել, դրանք արձակված են եղել պետության գրանցված զենքերից, բայց մոտ 300-400 պարկուճներ չեն կարողացել նույնականացնել: Այսինքն՝ դրանց զենքերն անհայտ է, և ես հիմա կարծում եմ, որ ցանկացած նոր հայտնված զենք, կապ չունի, դա պաշտոնյայի տնից է հայտնաբերվել, թե ոչ, պետք է պարզել՝ կապ ունի՞ այդ պարկուճների հետ: Հաշվի առնելով, որ նախկին իշխանությունները հակահեղափոխության շանսի հույս ունեն, շատ հնարավոր է, որ նրանք այդ զենքը ոչնչացրած չլինեն, այլ պարզապես թաքցրած լինեն: Բայց դրանք կգտնվեն, ինչպես գտնվեց այս վերջին խմբաքանակը:

Այս գործընթացները ի՞նչ են հուշում՝ Մարտի մեկի բացահայտման առումով նոր փո՞ւլ է սկսվել:

Կարելի է ասել՝ Մարտի մեկի գործը վերաբացվում է: Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ մարդը, ով վաղուց պետք է հարցաքննվեր, հիմա մեղադրյալ է: Մի քանիսի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրված: Պատշաճ ու օրինավոր իշխանություն ունենալու դեպքում այդ ամենը պետք է լիներ շատ վաղուց:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, ՀՀԿ ներկայացուցիչներն ահազանգում են, որ քաղաքական հետապնդումների փուլ է սկսվել երկրում:

Ես չեմ կարծում, որ դրանք քաղաքական հետապնդումներ են: Ավելին, այսօրվա դատավորները նույն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նշանակած դատավորներն են, դատախազներն իր նշանակածն են, Հատուկ քննչական ծառայության քննիչները նախկին քննիչներն են: Նույն Շարմազանովը և ուրիշ երևելի հանրապետականներ նախկինում ասում էին, որ մեր երկրում կա անկախ դատական համակարգ: Երբ մենք բողոքում էինք, ասում էինք՝ քաղաքական բանտարկյալներ կան երկրում, մարդկանց բազմակարծության, գաղափարների ու այլակարծության համար հետապնդում ու դատում էին, իրենք ասում էին՝ դա անկախ դատական համակարգն է անում: Հիմա, կներեք, ի՞նչ եղավ ձեր անկախ դատական համակարգի հետ, ո՞ր դատավորին են փոխել նոր իշխանությունները: Իսկ եթե ճնշում կա գործադիրից, Փաշինյան Նիկոլը որևէ մեկին ճնշում է, ելեք հայտարարեք: Թող դատախազը, դատավորները կամ ՀՔԾ քննիչները վեր կենան ու ասեն, որ իրենց վրա ճնշում է գործադրվում, եթե կա նման բան:

Այսինքն՝ այս մարդիկ պաշտպանվելու շատ պրիմիտիվ եղանակ են ընտրել, իրենց թվում է, որ եթե Քոչարյանին հայտարարեն քաղաքական հալածյալ, հանրությունը դա հալած յուղի տեղ է ընդունելու: Մենք գիտենք, թե ովքեր են իսկական քաղաքական հալածյալները եղել և ովքեր են դեռևս քաղաբանտարկյալ: Կուզեմ իրենց խնդրել, որ ուղղակի ողբը կտրեն: Հերիք ողբաք, հարգելի հանրապետականներ, քննություն է ընթանում, չի հաստատվի մեղադրանքը, ազատ կարձակվի: Իսկ ինձ թվում է, որ Քոչարյանն իր հետևից մոտ 200 հոգու տանելու է: Փաստական հանգամանքների պատշաճ հետաքննությունը, խորհրդանշական իմաստով եմ ասում, տանելու է մոտ 200 հոգու: Այսինքն՝ այս խմորը շատ ջուր է քաշելու: Ամենավերևում որոշում կայացնողներ, արտակարգ դրություն, բանակ բերել, ովքե՞ր են եղել Մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին ծեծողները, ովքե՞ր են մասնակցել այդ ապօրինություններին, և ի վերջո, այդ հրամանները վերից վար կատարվել են:

Մարտի մեկին ցուցարարների դեմ գործած օլիգարխների ու պաշտոնյաների ցուցակ կար, կարո՞ղ ենք ասել, որ այսօր այդ կծիկը քանդվում է:

Հանրային գիտակցության մեջ վաղուց ամեն ինչ պարզ է: Հիմա, փաստորեն, այդ ամենի՝ մեծ թափով հաստատվելու ու վերահաստատվելու գործընթաց է տեղի ունենում: Հնարավոր է մի շարք պաշտոնյաներ բացահայտվեն, ովքեր մտքներովս չեն անցել, կասկածներ չենք ունեցել: Բայց գործողությունների կառուցվածքը, հանցագործությունների ծավալը խոշոր հաշվով հայտնի են հանրությանը: Հիմա, ինձ թվում է, որ պատշաճ քննություն է տեղի ունենում, և Մարտի մեկով արդարադատությունն սկսված է: Կարծում եմ՝ այսօր ստեղծված պայմաններում հնարավոր է արդար դատաքննություն ապահովել այս գործով: Մեղադրյալները՝ Միքայել Հարությունյանը, Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Ռոբերտ Քոչարյանը բոլորը հասկացել են, որ մեկ նավի վրա են: Եթե մեկը խորտակվեց, մյուսներն էլ են խորտակվելու: Եվ իրենց հասարակական պաշտպանները, ֆեյքերը, փաստաբաններն իրենց իրավունքներից են օգտվում: Թող օգտվեն իրենց ազատ արտահայտման իրավունքից, ի՞նչ է եղել:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր