Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

12 սեպ 2018 20:23

Կսափրվի՞, թե՞ չի սափրվի Փաշինյանը. Երիտասարդը խաղադրույքից «գժված» ջարդուփշուր է արել «Վիվարոյի» 8 գրասենյակները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Արիգ Տ.-ի գործի դատական քննությունը:
Արիգ Տ.-ին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի գույքի վնասման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Արիգ Տ.-ն տարածված խոսակցություններից տեղեկացել է, որ «Վիվարո Բեթինգ» ՍՊԸ գրասենյակներում խաղադրույքներ են ընդունվում ՌԴ` Սոչի կատարելիք առաջին այցից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սափրվելու կամ չսափրվելու հարցով: Նման հարցադրումով խաղադրույքներ ընդունելը Արիգ Տ.-ն Հայաստանի Հանրապետության համար անընդունելի և վիրավորական է համարել, զայրացել և վրդովմունքով է լցվել՝ որպես ՀՀ հպարտ քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանի՝ Սոչի մեկնելու օրվա՝ 2018 թվականի մայիսի 13-ի գիշերը «Վիվարո Բեթինգի» գույքը վնասելու միասնական դիտավորությամբ Արիգ Տ.-ն, ըստ մեղադրանքի, շրջել է Երևան քաղաքով ու քարեր նետելով՝ ջարդել է «Վիվարոյի» 8 մասնաճյուղերի դռները, ապակիները, վնասել է գույքը՝ պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուրը՝ 1 միլիոն 376 հազար 660 դրամի գույքային վնաս:
Արիգ Տ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նա չի վիճարկել առաջադրված մեղադրանքը: Իր շահերը պաշտպանում է ինքնուրույն, պաշտպան չի ներգրավել: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Գործը քննվում է սովորական ընթացակարգով:
Դատարանը հետազոտել է քրեական գործում առկա ապացույցները: Դատական այս նիստին դատարանի դահլիճ բերվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված, առանձին փաթեթավորված քարերի, պլաստմասսայի, ապակու կտորները, ինչպես նաև ջարդված մեկ հեռուստացույց:
«Վիվարո Բեթինգ» ընկերությունը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով քաղհայց է ներկայացրել: Ներկայացված հայցի չափով կալանք է դրել Արիգ Տ.-ի գույքի վրա:
Դատական այս նիստին հարցաքննվեց «Վիվարո Բեթինգ» ՍՊԸ մենեջերներից մեկը՝ Աննա Ա.-ն: Վկան հայտնեց, որ դեպքից հետո միացել էր ընկերության՝ Մաշտոցի պողոտա 37 հասցեում գտնվող մասնաճյուղի անվտանգության ազդանշանը: Իրեն, որպես մենեջերի, անհապաղ կանչել էին մասնաճյուղ, քանի որ առանց իրեն ոչ ոք գրասենյակ մուտք գործելու իրավունք չուներ:
Դիտել են տեսագրող սարքերի տեսագրությունը, պարզել են, որ դրսից քարով հարվածել են մասնաճյուղի ապակեպատ դռանը: Ապակին ճաքեր էր տվել, ապա ջարդվել է. «Ես միայն ջարդված դուռն ու ապակիներն եմ տեսել… Ջարդողը հեռացել էր…»,- ասաց վկան՝ նշելով, որ Արիգ Տ.-ի մասին իմացել է գործի քննության ընթացքում:
Ընկերության կոնկրետ այդ մասնաճյուղին, ըստ կազմակերպության ներկայացրած թվերի, դրսից քարի հարվածների արդյունքում պատճառվել է 144 հազար դրամի գույքային վնաս:
Գործով պետք է հարցաքննվեն ևս երեք վկաներ, ովքեր չեն ներկայանում դատարան: Նրանց վերաբերյալ դատարանը կայացրեց բերման ենթարկելու որոշում:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր