Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

25 սեպ 2018 11:10

Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին՝ պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենին

Քոչարյանը  դատի է տվել  Փաշինյանին՝  պարտավորեցնելով հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ որդին՝ ԱԱԾ տնօրենինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը դատարան մուտք է գործել սեպտեմբերի 17-ին:
Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը  տեղեկացրել է, որ զրպարտություն են համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը՝ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա  հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել: Իսկ վարչապետն այդպիսի արտահայտություններ է արել, մենք գտնում ենք, որ սա անթույլատրելի է»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասաց, որ պահանջը մեկն է՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար: Հայկ Ալումյանն ասաց, որ փոխհատուցման պահանջ չկա:
Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին:
Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին հայցադիմում է ներկայացրել նաև «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Դիմելով դատարան` հայցվորի ներկայացուցիչը (ըստ «Դատալեքս» տեղեկատվական պորտալի՝ Աննա Սարդարյան) հայտնել է, որ 2018թ. հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:
Մասնավորապես, ըստ Քոչարյանի ներկայացուցչի` 2018թ. հունիսի 7-ին ընկերությանը պատկանող www.1in.am ինտերնետային կայքում և «Ժամանակ» օրաթերթում հրապարակվել է հոդված` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հայցվորի դիրքորոշումն այն է, որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: 
Բացի այդ, 2018թ. հունիսի 23-ին և 24-ին նույն կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդվածներ՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին» և «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան» վերնագրերով: Երկրորդ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ նշված հոդվածներում դարձյալ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:
Վիճարկվում է 1in.am տեղեկատվական-վերլուծական ինտերնետային կայքում հունիսի 28-ին հրապարակված ևս մեկ վերլուծական հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները», որով, Հայցվոր կողմի պնդմամբ, ևս  արատավորվել են Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը:
Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին՝ հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև զրպարտության դիմաց վճարել փոխհատուցում 2 մլն դրամի չափով:
Առաջին դատական նիստը կայանալու է սեպտեմբերի 24-ին: Գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը:
Քոչարյանի որդին՝ ԱԱԾ տնօրենի և քաղաքագետի դեմ
Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով  սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան նաև քաղաքագետ Արա Պապյանի դեմ:
Թե Արթուր Վանեցյանի, թե Արա Պապյանի դեմ ներկայացված հայցադիմումները դեռ վարույթ չեն ընդունվել: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր