Տեսանյութ.Ներսիկ Նազարյանը խլել է գործարարի բիզնեսը՝ տղան էլ հայտարարել, որ այն Սերժ Սարգսյանն է նվիրել պապայիս

Զուրաբ Շամոյանը տեղեկացրեց, որ տարիներ
առաջ Հայաստանում մեծ ներդրումներ է արել, բիզնես ծրագիր սկսել: Քանի որ Զուրաբ Շամոյանը Վրաստանի քաղաքացի է եղել իր
բիզնեսի գործընկեր համասեփականատերեր են եղել Հայաստանի քաղաքացի հանդիսացող իր
ընկերը՝ Կարեն Մարտիրոսյանը և նրա զարմիկ Սերգեյ Մարտիրոսյանը:
Բիզնեսը գրանցել են Վանաձորում, այնուհետև
տեղափոխել Երևան: Որոշ ժամանակ անց Սերգեյ Մարտիրոսյանը «բացատրել» է, որ Հայաստանում
բիզնեսում հաջողություններ ունենալու համար պարտադիր «տանիք» է պետք և առաջարկել, որ
իրենց «տանիքը» լինի Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը. «Խորհրդակցեցինք,
որոշեցինք, եթե պետք է, ուրեմն ինչպես բոլորը, այնպես էլ մենք: Ասացի, եթե կարգն այդպես
է, պետք է, ուրեմն թող լինի: Մուծել ենք նրան այն բանի համար, որպեսզի մենք բիզնեսի
հետ խնդիրներ չունենանք: Որքան շրջանառությունը մեծանում էր՝ «տանիքի գումարը» նույնպես
մեծանում էր՝ 3000 ԱՄՆ դոլարից հասնելով 12 000-ի»,-նշեց Զուրաբ Շամոյանը:
Սկզբում Զուրաբ Շամոյանը բիզնեսում ներդրել է 150 հազար դոլար, սակայն, երբ այն ընդլայնվել է, շրջանառությունը մի քանի անգամ մեծացել է, ձեռքբերված գույքերն ու ավտոմեքենաներն էլ միասին կազմել են մի քանի միլիոն դոլար:
Զուրաբ Շամոյանի խոսքով, երբ արդեն բիզնեսը մեծ առաջընթաց
է ունեցել Սերգեյ Մարտիրոսյանը, որը առաջարկել էր Ներսիկ Նազարյանին
«տանիք» կանգնեցնել վերջինիս հետ որոշել են Զուրաբ Շամոյանին և Կարեն Մարտիրոսյանին այսպես
ասած մեջտեղից հանել և իրենցով անել բիզնեսը: Իսկ արդեն 2015 թվականին Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը հանդիպել է Շամոյանին ու Կարեն Մարտիրոսյանին հայտարարել՝ էլ բիզնես չունեք, ազատ եք. «Նա մեզ հետ հանդիպմանը ասաց,
որ այդ բիզնեսը հորս նվիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»:
Կարեն Մարտիրոսյանը նույնպես վկայեց, որ այդ հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել: «Սերգեյ Մարտիրոսյանը մեզ ասաց, որ եթե ինչ-որ հարցեր ունեք, դիմեք Ներսիկ Նազարյանին: Մենք փնտրում էինք Ներսիկ Նազարյանին, սակայն այդ մարդը չբարեհաճեց հանդիպել մեզ հետ, որդին եկավ և այո ասաց, որ այդ
բիզնեսը իր հորը նվիրել է հանրապետության նախագահ՝ Սերժ Սարգսյանը»:
Զուրաբ Շամոյանը և Կարեն Մարտիրոսյանը նշեցին, որ տեղի է ունեցել խարդախություն, և իրենց բիզնեսում բաժնեմաս ունեցող Սերգեյ Մարտիրոսյանի միջոցով է այդ ամենը կատարվել: Նրանց խոսքով, Սերգեյ Մարտիրոսյանը և Ներսիկ Նազարյանն ունեն իրենց անունով միլիոնների սեփականություններ: Եվ այդ մասին վկայող փաստեր կան:
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանի խոսքով էլ, մինչ այդ Սերգեյ Մարտիրոսյանը ունեցվածք չի ունեցել և այն ձեռք է բերել բիզնեսն իրենցով անելուց հետո:
Իրենք դիմել են իրավապահ մարմիններին, սակայն, գործը անընդատ տեղափոխվում է մի ատյանից՝ դատախազությունից քննչական մարմիններ, այնտեղից էլ կրկին դատախազություն է գնացել. «Որևէ իրավապահ մարմին մեր ձեռքի տակ եղած ապացույցներին՝ ձայնագրություններին, ուշադրություն չի դարձրել, որտեղ Սերգեյ Մարտիրոսյանն ասում է, որ գումարները տվել է Ներսիկ Նազարյանին: ՀՔԾ-ում Զուրաբ Շամոյանին հարցրել են՝ դուք Ներսիկ Նազարյանին գումար տվե՞լ եք, երբ նա ասել է ՝ ոչ, ես նրան անձամբ չեմ տվել, քննիչն ասաց, ուրեմն գործը փակված է»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը, հավելելով,
որ ոչ առերեսում են արել, ոչ՝ դատահաշվապահական փորձաքննություն:
Երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո գործարարը կրկին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին, ապա ՀՔԾ, սակայն գործը մի մարմինը կրկին կարճել է, մյուսն էլ արդեն տևական ժամանակ է ոչինչ չի պատասխանում: Բանախոսների համոզմամբ, գործը չի բացվում, քանի որ իրավապահ համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել, գործը քննում են նույն քննիչները, ինչ այն ժամանակ և գործում են հին կապերը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում