Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

26 նոյ 2018 21:46

Հայաստանում այսօր Փհէկ-երի հանդեպ իրականացվում են ճնշումներ

Հայաստանում այսօր Փհէկ-երի հանդեպ իրականացվում են ճնշումներHayacq.com-ի հարցազրույց Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի հետ:
 
-Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ 100 ավել փոքր ՀԷԿ-երի մոտ արձանագրվել են ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ, որոնց թվում են նաև՝ ջրաչափով չապահովված լինելը: Արդյոք փոքր ՀԷԿ-երը չե՞ն հետևում այդ պահանջներին:
-Իրականում խնդիրը հանրությանն այլ կերպ ներկայացնելն է, կողմերի միջև պարտականությունների կամ օրենքի ոչ լիարժեք կատարում կամ չկատարում է:  Բանն այն է, որ ՓՀԷԿ-երը, ձեռք բերելով ջրօգտագործման թույլտվություններ և գործունեություն ծավալելու իրավունք, պարտավորվածություն չեն կրում սեփական միջոցների հիման վրա ապահովել ջրառի կետերը ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով, ավելին՝ անել դա առանց վերջիններիս համաձայնության: Եվ դրա իրավական հիմնավորումն ամրագրված է հատկապես 14 հունվարի 2010 թվականին ընդունված ՀՀ կառավարության N118-Ն որոշման մեջ, որը սահմանում է, որ ջրօգտագործողների՝ այդ թվում նաև փոքր ՀԷԿ-երի կողմից, վերոնշյալ ջրառի կետը ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով կարող է ապահովվել միայն վերջիններիս համաձայնության դեպքում, իսկ դա նշանակում է, որ պետությունը չի կարող պարտավորեցնել առանց վերջիններիս համաձայնության տեղադրել ջրաչափեր, հատկապես՝ պահանջել դրանց վրա տեղադրել առցանց համակարգեր, ինչը, նախատեսված չէ օրենքով, և, ըստ էության, ներկա փուլում իրականացվում է:
 
Եվ խնդիրը իրականում կայանում է նրանում, որ պատկան մարմինները, հատկապես՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ոչ միայն ֆինանսապես և այլ ռեսուրսներով մասնակցություն չունի դրանում, այլև արձանագրում է այն որպես խախտում և սպառնում է դադարեցնել գործունեությունը, ինչը խիստ հակասական է: Վերոնշյալը նշանակում է, որ ոչ թե պետք է պարտավորեցնել ջրաչափական սարքերի տեղադրումը, այլ՝ աջակցել և խթանել, քանի որ դրանց տեղադրումը, ինչը հաստատում է վերոնշյալ որոշումը, իրականացվում է կամայական սկզբունքներից ելնելով և չի արձանագրվում կոնկրետ ժամկետների մասին, իսկ անհրաժեշտության դեպքում պատկան մարմինները կարող են տեղադրել իրենց միջոցներով սույն ջրօգտագործողների համաձայնության դեպքում: Մինչդեռ ջրաչափերը բավական թանկ են և դրանում պետությունը որևէ մասնակցություն չի ցուցաբերում: Իսկ եթե հաշվի առնենք, որ սույն ոլորտի տնտեսվարողների մոտ 80 տոկոսը գտնվում է ծանր բանկային բեռի ներքո, ինքնին այդ խնդիրը դառնում է էլ ավելի խոցելի: Չէ որ իրականում փոքր հիդրոէլեկտրակայաններն են ապահովում Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին սպառման մոտ 20 տոկոսը, վերջիններիս շնորհիվ են այսօր աշխատանքով ապահովված ավելի քան 5000 մարդ, ընդորում, դրանցից շատերն աշխատում են սահմանամերձ շրջաններում:
 
Փոքր հիդրոկայաններն ակտիվ տնտեսվարողներ են նաև հարկային, մաքսային և բանկային սեկտորներում: Ընդ որում, դրանց կառուցման գործում վարկային միջոցները հիմնականում վերցրվել են գերմանական KFW բանկի կողմից, ինչը նշանակում է, որ այդ կառույցների գործունեության կասեցումը, մեծ հարված կարող  է հասցվել նաև երկրի հեղինակության վրա: Իսկ նման ճնշումների միջոցով այդ ամենը ոչ թե կնպասի ոլորտի առողջացմանը, այլ՝ ընդհակառակը, աստիճանաբար այդ կառույցները պարզապես կսկսեն դադարել գործել: Ի հավելումն նշենք, որ արդեն իսկ երկու փոքր հիդրոէլեկտրակայան 2018 թվականին դադարել է գործել: Իսկ նման տենդենցի առկայության պարագայում, կասկած չկա, որ մենք հայրենական անկախ էներգետիկայի արտադրանքի լուրջ դեֆիցիտ կարձանագրենք, ինչն աներկբա կազդի նաև երկրի տնտեսության զարգացման վրա: 
-ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան մշտապես հայտարարում է, որ Հայաստանում առկա են ջրային կառավարման հիմնախնդիրներ, որոնցից էլ տուժում են բոլոր ջրօգտագործողները, այդ թվում փոքր հիդրոկայանները: Կմանրամասնե՞ք:
-Իրականում ամենամեծ խնդիրը ջրային կորուստների մեջ է, որի պատասխանատու պատկան մարմինները տասնյակ տարիներ շարունակ այդպես էլ ոչ միայն չկարողացան լուծել դրանք, այլև առավել խորացրեցին: Բանն այն է, որ Հայաստանում տարեկան հաշվառվում է մոտ 9-10 մլրդ խմ ջուր, որից միայն մոտ 1.5-2 մլրդ խմ ջուրն է բաժին ընկնում սպառմանը: Եվ չնայած այդ ամենին, այսօր հսկայական չափերի են հասնում ջրային կորուստները՝ մինչև 90%, հատկապես՝ ոռոգման համակարգերում: Եվ փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն դրանք հաղթահարելու համար, այսօր առավելապես թիրախավորվել են փոքր հիդրոկայանները, դրանց են վերագրում ջրերի  յուրացումն ու վատնումը, որը չունի որևէ տեսակի հիմնավորում:
 
Ավելին, այսօր հնչում են ֆանտաստիկայի ժանրից այնպիսի մեղադրանքներ, թե իբրև ՓՀԷԿ-երը ջրերը վերցնում են գետերից և ջրամբարներից և սպառում դրանք, ավելին՝ սպառում մինչև վերջին մնացորդը: Այնպիսի տպավորություն է, որ այդ ջրերը պարփակվում են այդ կայանների տուրբիններում և դուրս չեն գալիս, կամ էլ ով գիտի ինչ են անում: Կարծում ենք, որ ֆիզիկայի կանոններին քիչ թե շատ ծանոթ մարդիկ առնվազն տարրական գիտելիքներով նման հերյուրանքներին համարժեք պատասխան կտան:    
 
Ջրային կառավարման թերացումներից է նաև սխալ ջրերի վերաբաշխման և կանոնակարգման խնդիրը: Ճիշտ է, մեզ մոտ կան օրենսդրական հստակ հիմնադրույթներ, որոնք ինստիտուցիոնալացնում են ջրերի կիրառման առաջնահերթությունները, սակայն շատ են անպատասխանատու օղակներն ու կոռուպցիոն խնդիրները, որոնք այդպես էլ շարունակում են անհաղթահարելի մնալ, իսկ արդյունքում տուժում են ՓՀԷԿ-երը, որոնց համբավը հատկապես նման կարգի շահարկումների պատճառով կտրուկ իջել և շարունակում է իջնել: 
 
Այսօր փոքր հիդրոէլեկտրակայանները համարվում են Հայաստանում ամենաակտիվ հարկատուներից մեկը: Եվ, չնայած դրան, հենց վերջիններս են կրում ամենամեծ դժվարությունները, հատկապես, երբ խոսքը գնում է իրավա-վարչարարական  խնդիրներին: Վստահ ենք, որ հանրային լայն շրջանակները նույնիսկ տեղեկացված չեն, թե ինչպիսի մեծ դժվարությունների և բարդությունների միջով են անցնում այս կառույցները մինչև իրենց հաստատվելն ու կայանալը, ինչպիսի մեծ բանկային և հարկային բեռ են կրում, շինարարական և տեխնիկատնտեսական խնդիրներ ունենում: Ավելին, շատերն այսօր, հայտնվելով խիստ ճնշումների ներքո, անկարող  են իրականացնել իրենց բանկային և հարկային պարտավորությունները, ինչի պատճառով գտնվում են գրեթե սնանկացման եզրին, ինչը թերևս պատկան մարմինների կողմից դեռևս համապատասխան կերպով չի գնահատվում:
 
Հուսով ենք, որ, ինչպես զարգացած աշխարհում, որտեղ վերականգնվող էներգետիկայի այս ճյուղը համարվում է գերկարևորագույն ուղղություն, որի համար իրականացվում են մեծ ներդրումներ և առավելագույնս  ուշադրություն հատկացվում, այնպես էլ մեր երկրում փոքր հիդոէներգետիկան իրապես կարժանանա պետական և հանրային բարձր գնահատականի՝ իբրև հասարակության, պետության և  պետականության պահպանման և զարգացման կարևորագույն գրավական: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր