Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Գնում ենք Սահմանադրական դատարան, ամոթի ու անարգանքի սյունին գամելու դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել       Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով    

12 մայիս 2018 12:35

«Գետի հերն անիծել են». Մարտունիի բնակիչներն ու քաղաքապետը` ընդդեմ փոքր ՀԷԿ-ի

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը պահանջում է «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը շահագործող ընկերությունից վերացնել բնապահպանական խնդիրները եւ փոխհատուցում տալ պատճառված վնասների դիմաց, հաղորդում է «ԷկոԼուրը»: 
«Ես տեսնում եմ, որ ոչ մի նորմ չի պահպանվում, դրել, հերն անիծել են գետի: Այդ գետում պետք է ջուր լինի, ձուկ լինի, ամբողջ ջուրը վերցրել են, անգամ անասուններին ջրելու համար ջուր չկա», - էկոլուրի հետ զրույցում ասաց Մարտունիի քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
Նա նշեց, որ կան բնակիչներ, որոնց հողատարածքում ՓՀԷԿ-ի շինարարության ժամանակ հենասյուներ են տեղադրել, խոստացել են փոխհատուցում տալ, բայց մինչ օրս չեն տվել:
«Այդ ՀԷԿ-ը խեղել է մեր բնությունը, Մարտունի գետում անգամ գորտ չի մնացել: Մենք այստեղ 8 ամիս ձմեռ ենք անցկացնում, այս ջրի եւ ձկան համար ենք մնացել: Ինչի՞ են եկել, տանում մեր ռեսուրսը, ո՞րն է մեր օգուտն այդ ՀԷԿ-ից», - ասաց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանը:
Նա պնդեց, որ փոքր ՀԷԿ-ը կառուցվել է անօրինական, հանրային լսումներ բնակիչների մասնակցությամբ չեն անցկացվել: ՓՀԷԿ-ի մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ շինարարությունն ավարտվել է:
«Մենք ՀԷԿ-ի ջուրը չենք փակել, բայց նախազգուշացրել ենք իրենց, որ գան, բոլոր թղթերը բերեն, տեսնենք` պահպանվե՞լ է օրենքի տառը, իրավունք ո՞ւնի այդ ՀԷԿ-ն աշխատելու: Կստուգենք ամեն ինչը, հետո կորոշենք` թողնում ենք աշխատի, թե` ոչ, - ասաց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը եւ հավելեց, - ոչ մի խոստում չեն կատարել, համայնքի համար ոչինչ չեն արել, մի քանի կոպեկ հողի վարձ են տալիս ու վերջ»:
Հարցին` ինչո՞ւ նախկինում չեք բարձրաձայնել այս խնդիրները, քաղաքապետը պատասխանեց. «Նախկինում գիտեինք, որ դրանք չեն լուծվելու, իսկ հիմա վստահ ենք` մինչեւ վարչապետ հասնելու է մեր բողոքը»:
Մարտունեցիները ՓՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են հանդիպել մայիսի 14-ին:
«Մարտունի» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Սեւանա լճի ավազանում՝ Սեւանա լիճ թափվող Մարտունի գետի վրա, շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն: ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
ԷկոԼուրի փորձագիտական խումբը 2016 թ-ին մոնիտորինգ է իրականացրել «Մարտունի» փոքր ՀԷԿ-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր