ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

14 դեկ 2018 10:59

Բակո Սահակյանը հեռանո՞ւմ է․ Արցախում հասունանում են արտահերթ զարգացումներ

Բակո Սահակյանը հեռանո՞ւմ է․ Արցախում հասունանում են արտահերթ զարգացումներՄենք պետք է ի վիճակի լինենք ԶՈւ զարգացման համար հավելյալ 2,5 մլրդ դոլար փոխանցել. կառավարության հերթական նիստի մեկնարկին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով գործադիրի առջև ծառացած հիմնախնդիրների մասին:

«Այդ միջոցները տնտեսելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանենք, խոսքը հավելյալ վճարների մասին է, որոնք պետք է լինեն նաև զինծառայողների վիճակի բարելավմանն ուղղված»,- ասել է նա:
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն է: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու և ինժեներական միտքը զարգացնելու հրամայականի հետ, ինչը մեր առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է»,- շեշտել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի արդիականացման ռազմավարական ծրագրի մասին, ինչը, անշուշտ, ապագային միտված ծրագիր է, ու որևէ մեկը չի վիճարկում դրա անհրաժեշտությունը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը նաև անուղղակիորեն ակնարկում է, որ բանակում սպասվելիք կադրային փոփոխությունները մեծ ռեֆորմի բաղադրիչ են։
Սակայն հիմա բանակը հասարակության ուշադրության կենտրոնում է միանգամայն այլ պատճառով․ երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ պաշտոնանկ է արվել ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ ԼՂՀ նախագահի խոսնակի մեկնաբանությունները հակասական են ու ավելի անորոշ են դարձնում վիճակը․ Դավիթ Բաբայանը, մի կողմից, լուրը հերքում է, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ բանակի կադրային որոշումները միայն ֆորմալ առումով են առնչվում ԼՂՀ իշխանություններին, ըստ այդմ՝ պաշտոնական Ստեփանակերտի պարզաբանումները, մեղմ ասած, այնքան էլ պահանջարկված չեն։
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ու դրա արդյունքների կապիտալիզացիան խորհրդարանական ընտրություններում չեն կարող չանդրադառնալ Արցախի վրա, մանավանդ ԼՂՀ-ում գործող համակարգը չի գործում ավտոմատ ռեժիմով ու, այսպես թե այնպես, իր վրա կրում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը։
Կանխատեսվում էր, որ Արցախում փոփոխություններ էին սպասվում Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, որովհետև դրանց ընթացքում հստակ ջրբաժան տեղի ունեցավ հեղափոխության թիմի ու Արցախի իշխանության մի սեգմենտի միջև, որը, ըստ էության, Երևանում տապալված քրեաօլիգարխիկ համակարգի բաղադրիչն է։
Այնուամենայնիվ, Արցախն առաջնագիծ է, որտեղ փոփոխությունները պետք է տեղի ունենան անցնցում՝ հանրապետության անվտանգությունը կասկածի տակ չդնելու համար։ Այս համատեքստում խիստ վտանգավոր է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ կիսապաշտոնական մակարդակում քննարկվում են գեներալների պաշտոնանկության մասին լուրերը, սակայն դրանք պաշտոնական հաստատում կամ հերքում չեն ստանում։ Իրավիճակի մեջ հստակություն չմտավ անգամ այն բանից հետո, երբ այսօր Երևանում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»,- ասել է գեներալը:
Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց. «Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Լևոն Մնացականյանը ըստ էության չի հերքել իր պաշտոնանկության հնարավորությունը, ուղղակի ակնարկել է, որ ինքը հեռանալու մտադրություն չունի, այլ խոսքով՝ հասկացրել է, որ որոշումը քաղաքական է ու կայացվել է քաղաքական բարձրագույն իշխանության մակարդակում։
Խորհրդարանական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոշտ շեշտադրումներով էր խոսել բանակում տիրող կոռուպցիայի մասին։ Վարչապետն անուններ չէր տվել, սակայն բոլորը ենթադրեցին, որ նա արձագանքում է ԼՂՀ մի շարք գեներալների հայտարարություններին, որոնցում անդրադարձ էր կատարվել Սասուն Միքայելյանի հայտնի աղմկահարույց հայտարարությանը։
Ընդ որում, Արցախում այսօր ստեղծված լարվածությունը, մի կողմից, հետևանք է հենց Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հնչեցրած հայտարարությունների, մյուս կողմից՝ Արցախից հետևած հակադարձումների հետևանքով ստեղծված հակադրության։ Լևոն Մնացականյանի գրեթե կայացած պաշտոնանկությունը Փաշինյանի հայտարարության առաջին հետևանքն է։ Մնում է հուսալ, որ կադրային հնարավոր փոփոխությունները կիրականացվեն առանց ցնցումների՝ Արցախը զերծ պահելով ներքաղաքական ցնցումներից։ Արցախի մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ Երևանի ու Ստեփանակերտի էլիտաների հակադրության հետևանքով ԼՂՀ պետական կառույցներում, անվտանգության համակարգերում անգործունակության վիճակ է, որը պահանջում է քաղաքական լուծումներ։
Թիրախի տակ են հայտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մերձավոր գեներալները, ինչը ենթադրում է, որ Արցախում գրեթե անխուսափելի են դառնում արտահերթ զարգացումները։ Բակո Սահակյանի մամուլի քարտուղարը փորձել է հերքել այս լուրերը, սակայն անուղղակիորեն հաստատել է դրանք։ «Մենք երբեք մեր հասարակությունից ոչինչ չենք թաքցրել: Մենք միշտ էլ կիսում ենք մեր դիրքորոշումը հասարակության հետ: Արցախում լարվածություն չկա, մարդիկ ապրում են իրենց ամենօրյա կյանքով, բանակը ամուր կանգնած է դիրքերում: Կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել սա: Ղարաբաղում մի քանի մարդ կեղտոտ լուրեր է տարածել… հակահեղափոխական Արցախ և այլն: Բավական է, ժողովուրդ, հերիք է. Ոչինչ չի կարող կոտրել Հայաստանի և Արցախի միասնությունը: Հերիք է մի բաժակ ջուրը պղտորեք ու փորձեք այնտեղ ձուկ բռնել, նման բան չկա, բաժակի մեջ էլ ձուկ չկա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Բաբայանը։
Մնում է հուսալ, որ այսօր Փաշինյանին ու Սահակյանին հաջողվել է գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ, հակառակ պարագայում՝ ստեղծված լարվածությունն ուղղակիորեն կարող է ազդել զորքերի մարտունակության վրա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր