09:31 - Գազի թանկացումը կատարվել է Կարեն Կարապետյանի գծած սխեմայով՝նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար. «Ժամանակ»         09:30 - Տարադրամի փոխարժեքը հունվարի 19-ին      22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 19    

04 հուն 2019 21:30

«Քացի տամ, փորդ ցրև տամ…». 35-ամյա տղամարդը դանակահարել է նախկին աներոջը

«Քացի տամ, փորդ ցրև տամ…».  35-ամյա տղամարդը դանակահարել է նախկին աներոջը1-in.am գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հենրիկ Մարությանի գործի դատական քննությունը:
35-ամյա Հենրիկ Մարությանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Հենրիկ Մարությանի նախկին աներն է եղել:
Հենրիկ Մարությանը նախկինում՝ 2015 թվականին, Արցախի Հանրապետությունում դատապարտվել է, 2016 թվականին նրա նկատմամբ կիրառվել է Արցախում հայտարարված Համաներման ակտի համապատասխան դրույթը: Դատվածությունը համարվում է չմարված:
Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի մայիսի 31-ին, ժամը 11-ն անց  20-ի սահմաններում Հենրիկ Մարությանը Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում ընտանեկան հարցերով վիճաբանել է նախկին կնոջ հոր՝ 1958 թվականին ծնված Ալբերտ Ջ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Հենրիկը դանակով մեկ անգամ հարվածել է նախկին աներոջ կրծքավանդակի ձախ հատվածին և նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերքի, ձախ թոքի վնասման, ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի ձևով:
Հենրիկ Մարությանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:
Նա հայտարարել է. «Ինչ արել եմ, լավ եմ արել, աչքն էլ հանել եմ»:
Տուժող Ալբերտ Ջ.-ն հայտնել է, թե Հենրիկն իր աղջկա նախկին ամուսինն է: Նրանք ամուսնացել են 2009 թվականին, ապրել են Քաշաթաղում: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա՝ տղա և աղջիկ: Նրանց համատեղ կյանքում միշտ եղել են վիճաբանություններ, Հենրիկը բռնություն է գործադրել, ինչի պատճառով դուստրը 2012 թվականին երեխաների հետ վերադարձել է Երևան՝ հայրական տուն:
Հետագայում դուստրը պաշտոնապես ամուսնալուծվել է: Երեխաները գտնվել են իրենց խնամքին, մինչև որ մի օր  Հենրիկը մանկապարտեզից վերցրել է որդուն ու չի վերադարձրել: Նա երեխային սովորեցրել է, թե մայրը չկա, մահացել է, մայրիկի անունը տալ պետք չի:
Իրենք փորձել են հարցն իրավական ճանապարհով լուծել, դիմել են դատարան:
Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով երեխաների բնակության վայր է սահմանվել մոր բնակության վայրը, միաժամանակ որոշվել է Հենրիկ Մարությանից հօգուտ նախկին կնոջ՝ բռնագանձել ալիմենտ՝ երկու երեխայի համար՝ ամսական ընդհանուրը՝ 50 հազար դրամ:
Դատարանի վճիռը չի կատարվել: Իրենք անընդհատ փորձել են Արցախի համապատասխան կառույցների միջոցով երեխային վերադարձնել, չեն կարողացել: Միայն 2016 թվականին են կարողացել դա անել ու 7-ամյա երեխան ներկայումս իրենց խնամքին է: Իրենք չեն արգելել, որ Հենրիկը տեսակցի երեխաներին:
2017 թվականի մայիսի վերջերին Հենրիկ Մարությանը եկել է իրենց տուն՝ երեխաներին տեսակցելու: Նա ամեն անգամ չնչին առիթներն օգտագործելով՝ վեճեր է սարքել: Հերթական անգամ նա վիճել ու հեռանալուց առաջ վնասել է իրենց դռան բռնակն ու սպառնալիքներ է տվել:
Մայիսի 31-ի առավոտյան Հենրիկը նորից իրենց տուն է եկել, բայց երեխան նրան տեսնելով՝ վախեցել ու մտել է ննջարան: Հենրիկը  զայրացել ու իրեն սպառնալով՝ պահանջել է, որ բակ իջնի: Նա ասել է. «Էսա, որ իջնես, կոկորդդ կկտրեմ, կիմանաս»:
Ինքը բակ է իջել:
Հենրիկն առաջարկել է նստել իր վարած «Նիվա» մեքենան, բայց հարևանները չեն թողել՝ ասելով, թե Հենրիկի ձեռքին դանակ կա:
Հենրիկն այդ ժամանակ նստած էր վարորդի տեղում: Նա դարձյալ սպառնալիքներ է տվել, ձեռքը մեքենայի պատուհանից դուրս է հանել, որ իրեն հարվածի, բայց ինքը բռնել է նրա ձեռքը: Նա դուռը բացել, դուրս է եկել մեքենայից, ինքը հետ-հետ է գնացել:  Շարժվել է դեպի մեքենայի հետնամասը, ապա վազել է մեքենայի շուրջը, Հենրիկը հետապնդել է իրեն, այդ ընթացքում նա թիկունքից դանակով հարվածել է իրեն, ինքը սուր ցավ է զգացել թոքի հատվածում: Հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց:
Ինքը Հենրիկի ձեռքին դանակ չի տեսել, հարվածի պահն էլ չի տեսել՝ նա հարվածել է իր թիկունքին: Հարված ստանալուց հետո ինքը բակից մի ձեռնափայտ է վերցրել ու փորձել է հարվածել Հենրիկին, բայց նա վազել, նստել է մեքենա ու դիմել է փախուստի:
Ըստ տուժողի՝ Հենրիկը միշտ իր հասցեին սպառնալիքներ էր տալիս, իր ու Հենրիկի թշնամանքի պատճառը նրա ու իր դստեր լարված հարաբերություններն էին, նրա պահվածքը՝ երեխաների նկատմամբ:
Տուժողը իր բուժման ծախսերի հատուցում է պահանջել  Հենրիկ Մարությանից:
Նախաքննական ցուցմունքում Ալբերտ Ջ.-ն ասել է, թե իրեն հետապնդող Հենրիկի աջ ձեռքին տեսել է դանակ,  որով նա հարվածել է իր ձախ թևատակին: Ինքը սուր ծակոց է զգացել, չոքել է, իսկ Հենրիկը վազել-նստել է մեքենա: Ինքը մի ձեռնափայտ է վերցրել ու մի քանի անգամ հարվածել է Հենրիկի մեքենային: Մի քանի վայրկյան հետո իր ինքնազգացողությունը վատացել է: Ինքը գետնից մի «ժեշտի» կտոր է վերցրել ու հարվածել Հենրիկի մեքենային: Հենրիկը մեքենան վարել ու հեռացել է, իսկ ինքն ուշագնաց է եղել, ուշքի է եկել հիվանդանոցում:
Տուժողի կինը՝ Հենրիկի նախկին զոքանչը, հայտնել է, թե ինքը միշտ աշխատել է քաղաքավարությամբ ընդունել Հենրիկին, առաջարկել է միասին ճաշի նստել, ինչին նա պատասխանել է. «Դու պտի՞ ինձ հաց տաս, քացով կխփեմ, փորդ կթափեմ, խրթիլոկդ կկտրեմ»:
Տղա թոռը վախենում էր հորից: Դեպքի նախորդ օրը Հենրիկը եկել էր երեխային տեսնելու, բայց երեխան դպրոցում էր: Հենրիկը հայտարարել է, թե երեխային «պահում են» իրենից, սպառնացել է. «Չեմ նայի՝ ով ա իմ դիմաց, դանակը բերելու եմ, բոլորիդ վիզը ծակեմ, խրթիլոկը կտրեմ»:
Դեպքի օրը Հենրիկը մտել է իրենց տուն: Երեխային դիմելով՝ ասել է. «Բալես, դու հլը էդտեղ մնա, մենք հետո շատ ենք հանդիպելու, շատ կխոսանք»: Հետո Հենրիկը դիմել է իր ամուսնուն ու պահանջել է. «Դու իջի ներքև»:
Ինքը ամուսնուն հորդորել է չիջնել, բայց նա չի լսել, իջել է: Ինքը բակից լսել է հարևանների գոռոցը՝ նրանք զգուշացնում էին իր ամուսնուն, որ Հենրիկի մեքենան չնստի, նրա ձեռքին դանակ կա… Ինքը տեսել է՝ ինչպես է Հենրիկը դանակով հարվածում իր ամուսնուն, դանակը կլիներ մոտ 20 սմ:
Հարվածից հետո ինքը մոտեցել է ամուսնուն, նա չէր խոսում, բայց նրա դեմքի միմիկայից ինքը հասկացել է, որ նա ուզում է  ասել. «Տեսա՞ր, ինչ արեց»:
Բակում Հենրիկը մեքենան նույնիսկ քշել է մարդկանց վրա, պտտվել է: Իրենց հարևանը պահանջել է, որ նա հեռանա բակից, բայց նա ասել է, թե իրեն ու ամուսնուն պիտի գցի «ավտոյի տակ»:
Դատարանը հաստատված է գնահատել Հենրիկ Մարությանին առաջադրված մեղադրանքը:
Դատարանը որպես Հենրիկ Մարությանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվը: Նախկինում Հենրիկ Մարությանը դատապարտվել էր դարձյալ նախկին աներոջ ընտանիքի անդամներին վնասելու համար: Կատարած արարքների համար Հենրիկ Մարությանը չի զղջացել:
Դատական նիստերի ընթացքում Հենրիկ Մարությանը դրսևորել է ագերսիվ վարքագիծ, նրա նկատմամբ կիրառվել են դատական սանկցիաներ:
Հենրիկ Մարությանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի մայիսի 31-ից:
Տուժող Ալբերտ Ջ.-ի ներկայացրած՝ 1 միլիոն 61 հազար դրամ քաղհայցի պահանջը դատարանը բավարարեց մասնակիորեն՝ Հենրիկ Մարությանից հօգուտ Ալբերտ Ջ.-ի կբռնագանձվի 600 հազար դրամ: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության:
Հենրիկ Մարությանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 8 հազար դրամ և 120  հազար դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր