ԱԳՆ մամուլի խոսնակը՝ դիվանագիտական ծառայությանն ուղղված քննադատությունների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանման մեջ ասվում է.
«Արձագանքելով վերջին շրջանում Հայաստանի դիվանագիտական ծառայության արհեստավարժությունը կասկածի տակ դնող մի շարք հայտարարություններին, կցանկանայինք ընդգծել, որ ԱԳՆ-ն փորձելու է հնարավորինս չանդրադառնալ բոլոր մերկապարանոց մեղադրանքներին, քանի որ երբ դրանք զուրկ են որեւէ հիմքից ու փաստից, ապա անհասկանալի է, թե ինչին պետք է վերաբերի մեր պատասխանը` նման մեղադրանքների դատարկությանը, թե դրանք արտաբերող անձանց կողմից հետապնդվող իրական նպատակներին:
Երկու դեպքում էլ բանավեճի մեջ ներքաշվելը համարում ենք մեր ժամանակի ու ուժերի անիմաստ վատնում:
Բազմիցս հայտարարել ենք, որ ԱԳՆ-ն բաց է կառուցողական առաջարկների և դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված քննադատության համար: Սակայն, անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները Հայաստանի դիվանագիտական անձնակազմի նվիրված ու պատասխանատու ծառայության նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին ԱԳՆ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ֆոնին:
Ընդգծեմ, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը 27 տարվա պատմություն ունեցող, նվիրված մասնագետներից կազմված կուռ կառույց է, որը հպարտորեն կատարում է ամենօրյա իր աշխատանքը` ծառայելով հանրությանը»: