Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ. «Փաստ»
![](https://hayacq.com/uploads/posts/2019-03/1551875132_50909103_1852612104866733_5077955497806528512_n.thumb.jpg)
Ակներև է նաև այն հանգամանքը, որ Դավոսյան այցից հետո, որի վերջին շտրիխը Ալիևի հետ հանդիպումն է, Փաշինյանը՝ հավատարիմ իր նախորդների օրինակին, պաշտոնական այցով հերթական, արդեն դժվար է ասել՝ որերորդ անգամ մեկնում է Մոսկվա: Մոսկվա այցը կարելի է մեկնաբանել մի կողմից Դավոսյան այցի կոնտեքստում, երբ փաստացի արևմտյան աշխարհի տնտեսական առաջատարների հետ հայտարարվող ինտենսիվ շփումներից հետո Փաշինյանը չի մոռանում նաև մեկնել Մոսկվա, մյուս կողմից էլ դժվար է չնկատել նաև Ալիևի հետ հանդիպման ու Մոսկվա այցի հետ կապը: Մանավանդ, եթե հիշենք, որ վերելակային հանդիպումն ու Ալիևի հետ ծանոթությունն ընդհանրապես նախաձեռնել էր Պուտինը:
Այս կոնտեքստում հետաքրքրական է նաև Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունների շարքում տեղ գտած, բայց այդպես էլ անտեսված մեկ այլ հայտարարություն առ այն, որ կողմերը պետք է դեմ առ դեմ, առանց միջնորդների հանդիպեն ու խոսեն միմյանց հետ: Ամեն դեպքում, բացի այս դեմ առ դեմ ֆորմատից, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պաշտոնապես շարունակում է մնալ միակը: Սակայն այս իմաստով էլ խորհրդավորությունը պակաս չէ: Թրամփի շնորհավորական ուղերձը՝ մի կողմից, Լավրովի հայտարարությունը՝ մեկ այլ կողմից, ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին կոչերը՝ մեկ այլ կողմից ոչ թե նվազեցնում, այլ խորացնում են եղած անհասկանալիությունը: Այդ անհասկանալիությունը խորանում է նաև մեր իշխանությունների լռության պայմաններում, հատկապես, երբ վերհիշում ենք, թե ինչպես էր արցախյան հարցի կարգավորման ցանկացած լուծում Փաշինյանը վերահասցեավորում հրապարակին ու ժողովրդին:
Իհարկե, կարիք չկա նման բարդ հարցերը բերել ու դարձնել ամբոխահաճության առարկա, և այս իմաստով ողջունելի է բանակցային պրոցեսի պրոֆեսիոնալ մակարդակին անցումը: Բայց մյուս կողմից էլ ստացվում է ամբոխավարական ծայրահեղությանը գալիս է փոխարինելու մեկ այլ ծայրահեղություն՝ թափանցիկության տոտալ բացակայություն: Արցախյան հարցի շուրջ հնչող պարբերական հայտարարությունները խորացնում են կասկածները, որ տեղի է ունենում ինչ–որ բան, զուգահեռ էլ իշխանությունը չի շտապում լցնել այդ տեղեկատվական վակուումը:
Արդյունքում այդ վակուումը լցվում է Հայաստանից հնչող դավադրապաշտական տեսություններով, որոնք շատ մոդայիկ էին նախընտրական շրջանում և վստահաբար մոդայիկ կդառնան պատեհ առիթի դեպքում:
Մի կողմ թողնելով բանակցային պրոցեսի բուն ընթացքը՝ հարկ է արձանագրել, որ իշխանությունները կարիք ունեն օր առաջ հստակ խոսել ու պարզաբանել, թե ինչ է ի վերջո տեղի ունենում: Սա պետք է արվի ոչ միայն ի հավատարմություն նախկինում հռչակ ված հրապարակայնության սկզբունքների, այլև որպեսզի թոթափվի խնդրի շուրջ առկա խորհրդավորությունը: Հայաստանյան հասարակությունը 2016–ի ապրիլին ցույց է տվել, որ պատրաստ է կրել գործընթացի հետևանքները թե՛ ռազմական, թե՛ հոգեբանական իմաստով, հետևաբար նրանից թաքցնելու կարիք չկա, մանավանդ, որ գոնե հիմա իշխանությունը լեգիտիմ է, ու իշխանություն–հասարակություն երկխոսությունը ունի կայացման պոտենցիալ: Այլապես այս տեղեկատվական անհասկացվածությունը գնալով խորանալու է ու հնարավոր զարգացումների ժամանակ վնասելու թե՛ խոսելուց խուսափող իշխանությանը, թե՛ հասարակությանը և, որ ամենակարևորն է, պետությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում