Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

08 փետ 2019 16:45

Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը. պատահական չէ, որ նա ցանկություն է հայտնել վերադառնալ ոչ թե Ադրբեջան, այլ 3-րդ երկիր

Ինչո՞վ էր կարևոր Էլնուր Հուսեյնզադեի ազատ արձակումը. պատահական չէ, որ նա ցանկություն է հայտնել վերադառնալ ոչ թե Ադրբեջան, այլ  3-րդ  երկիրՕրերս հայտնի դարձավ, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. փետրվարի 9-ի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն իր պատիժը կրելուց հետո, 2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել։ Այս լուրը բավական ակտիվ քննարկումների առիթ տվեց՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Է. Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ 2017թ. փետրվարի 1-ին «առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել է Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի», որից հետո ձերբակալվել է պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Հատկանշական է, որ դեռևս դեկտեմբերի սկզբին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ: Նման քայլի դիմաց Արցախի իշխանությունն ակնկալում էր Ադրբեջանի պատասխան գործողությունները՝ ուղղված հայ պատանդներին ազատ արձակելուն և, առաջին հերթին, նրանց, ովքեր ունեն ակնհայտ առողջական խնդիրներ։ Չնայած Արցախի այս նախաձեռնության մարդասիրական բնույթին՝ ադրբեջանական կողմն այն անարձագանք թողեց՝ շարունակելով պնդել «բոլորը բոլորի դիմաց» մոտեցումը:

Բավական հետաքրքիր պատկեր է ստեղծվել նաև հիմա: Չնայած Էլնուր Հուսեյնզադեն ազատ է արձակվել փետրվարի 2-ին, ադրբեջանական կողմն նրա մասին «հիշեց» միայն մի քանի օր անց, և հայտարարեց, որ Հուսեյնզադեի նկատմամբ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցված և միջազգային հետախուզում է հայտարարված:

Ադրբեջանի նման քայլերը, թերևս, վերահաստատում են այն պարզ իրողությունը, որ այդ երկիրն իրականում հետաքրքրված չէ Արցախում իրենց պատիժը կրող սեփական քաղաքացիների ճակատագրով, և այդ հարցը բարձրաձայնում է միմիայն քաղաքական շահարկումների նպատակով: Նման իրավիճակում բնավ պատահական չէ, որ նույն Է. Հուսեյնզադեն ցանկություն է հայտնել վերադառնալ ոչ թե հայրենի Ադրբեջան, այլ տեղափոխվել երրորդ երկիր:
Ինչ վերաբերում է Է. Հուսեյնզադեին ազատ արձակելու վերաբերյալ որոշմանը, ապա այն բավական կշռադատված էր և հաշվարկված: Նման քայլը նախևառաջ ընդգծեց հայկական կողմի իրական կառուցողականությունը՝ միևնույն ժամանակ միջազգային հանրության համար առավել ակնհայտ դարձնելով ադրբեջանական կողմի ոչ կառուցողական գործելաոճը: Չնայած Հուսեյնզադեի ազատ արձակմանը՝ Բաքուն ոչ միայն որևէ հայտարարություն չի արել համարժեք քայլեր ձեռնարկելու մասին, այլ անգամ իր քաղաքացու նկատմամբ հետապնդումներ է սկսել:

Հուսեյնզադեի ազատումը կարևոր քայլ էր նաև Բաքվի կողմից ամիսներ շարունակ շրջանառվող «ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու առաջարկին հակազդելու առումով: Առաջին հայացքից կառուցողական թվացող այդ նախաձեռնությունն իրականում ոչ թե հետապնդում է մարդասիրական նպատակներ, այլ հստակ խնդիր ունի հասնել Արցախում ծանր հանցագործություն իրականացրած Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի վերադարձին, ովքեր, ամենայն հավանականությամբ, Ռ. Սաֆարովի օրինակով կհերոսացվեն ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հուսեյնզադեի ազատ արձակումը նպատակ ուներ նաև միջազգային հանրության համար ընդգծել նրա և Արցախում իրենց պատիժը կրող Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի կարգավիճակիների տարբերությունը: Ադրբեջանի այդ երկու քաղաքացիներն իրականացրել են առանձնակի ծանր մի շարք հանցագործություններ (այդ թվում՝ անչափահասի առևանգում և սպանություն): Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն՝ նրանք չեն հանդիսանում ո՛չ պատանդներ, ո՛չ ռազմագերիներ և պետք է կրեն իրենց պատիժը: Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի կարգավիճակը տարբերվում է նաև Ադրբեջանի կողմից գերեվարված 3 հայ պատանդների կարգավիճակից և փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը տվյալ դեպքում կիրառելի չէ: ՀՀ այդ քաղաքացիները պատանդներ են և Ադրբեջանի տարածքում որևէ հանցագործություն չեն կատարել:

Ավելին, Ադրբեջանում նրանց գերության մեջ պահելը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի կոպիտ խախտում, ինչի մասին հայկական կողմը մշտապես բարձրաձայնում է:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ Է. Հուսեյնզադեի ազատ արձակումը կարևոր քայլ էր, որը հստակեցնում է, թե ով է հակամարտության կողմերից իրականում կառուցողական և ով է փորձում շահարկել մարդասիրական խնդիրները: Նմանատիպ հարցերում միջազգային հանրության հետ անհրաժեշտ է հետևողական աշխատանք, որի արդյունքում հնարավոր կլինի լիարժեքորեն ձախողել Ադրբեջանի կեղծ կառուցողականության մարտավարությունը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր