Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

02 ապր 2019 10:25

Ահա թե ինչու է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարեւորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը եւ վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առեւտրի ծավալների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։ Որոշ ժամանակ անց վարչապետի մամլո ծառայությունը հանդես եկավ նույն հաղորդագրության նոր՝ խմբագրված տարբերակով, որում արդեն ներկայացված էր միանգամայն այլ տեքստ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարեւորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը եւ վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը:

Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առեւտրի ծավալների ընդլայնման համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։

Ուշագրավ է սակայն, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրությունը գրեթե նույնական է հաղորդագրության այն տեքստի հետ, որը սկզբում տարածել էր վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։

«Н.Пашинян проинформировал об итогах прошедшей 9 марта в Вене встречи с Президентом Азербайджанской Республики И.Алиевым по нагорнокарабахской проблематике и выразил благодарность российской стороне за весомую посредническую роль в переговорном процессе…».
Հասկանալի է, որ խնդիրը «տեղեկատվություն է ներկայացրել» եզրի մեջ է, որն իր մեջ որոշակի սուբորդինացիա է պարունակում՝ ընդգծելով հայկական կողմի ստորադաս կարգավիճակը։

Թերեւս այդ պատճառով է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը, ինչը, նկատենք, տարածված պրակտիկա չէ եւ կիրառվում է, թերեւս, միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Խնդիրը, իհարկե, հաղորդագրությունների տեքստերը չեն։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների բնույթն ու որակն է։

Հայաստանի նոր իշխանությունների համար եւս հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են համարվել ուղղահայաց հարաբերություններ, որոնցում Հայաստանը ստորադաս կարգավիճակում է։
Այն, ինչում ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն իր ելույթներում մեղադրում էր նախկին՝ ՀՀԿ-ական իշխանություններին։

Հենց այդ բարդույթն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դարձել, որպեսզի Փաշինյանի մամլո ծառայությունը խմբագրի իր իսկ տարածած հաղորդագրությունը։ Հաղորդագրության երկրորդ՝ ուղղված տարբերակը, իհարկե, ավելի բարեհունչ է ու հաճելի՝ ինքնիշխանության տեսանկյունից։ Խնդիրն այն է, սակայն, որ հաղորդագրության տեքստի ձեւակերպումներից ինքնիշխանության կամ դրա բացակայության հանգամանքը չի փոխվում։ Վկան՝ նույն հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահի պաշտոնական էջի հարորդագրությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր