Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու
Կառավարությունն այսօր ոչ մեկից ոչ մի բան վերցնելու կարիք չունի, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու։
Անդրադառնալով «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված աղմուկին՝ վարչապետն ասաց, թե դա գործատուի ու աշխատողների խնդիրն է։
Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանն ու այն դիտարկմանը, թե կառույցը նորից քաղաքականացվել է, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «բացառվում է նման բան»։
«Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի , որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սասուն Միքայելյանն ասել է, որ թողնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի կարգավիճակը։
Հարցին՝ ինքն իրեն տեսնո՞ւմ է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնում, վարչապետն ասրձագանքեց.
«Սովորաբար ասում են՝ «երբեք մի ասա երբեք» , բայց, եթե նկատել եք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել ու հույս ունեմ, որ չեմ էլ լինի»։