Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

16 ապր 2019 11:47

«Փարիզի այրվող սիրտը».Ո՞րն էր կրակի այդքան արագ տարածվելու պատճառը

«Փարիզի այրվող սիրտը».Ո՞րն էր կրակի այդքան արագ տարածվելու պատճառըԲրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին՝ փորձելով հասկանալ՝ որն էր կրակի այդքան արագ տարածվելու և 850-ամյա շինությունը կարճ ժամանակում կլանելու պատճառը:
Նշվում է, որ Ֆրանսիայի մշակութային և հոգևոր խորհրդանիշն ի սկզբանե կառուցված է եղել 1300 ծառից, ինչն էլ շինության հրավտանգ լինելու գլխավոր պատճառն է:
Ապրիլի 15-ին սկսված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է դրա՝ ամբողջովին փայտից կառուցված ներքին սրահում: Այնուհետև փլուզվել է աշտարակներից մեկը:
Պարբերականը մանրամասնում է, որ 850 տարի առաջ կառուցված տաճարի կմախքն ամբողջությամբ գերաններից է:
 «Ամեն ինչ այրվում է, կմախքից ոչինչ չի մնա»,-ահազանգել էր տաճարի խոսնակ Անդրե Ֆինոն՝ մանրամասնելով, որ փայտե գերանները նաև տաճարի 35 մ բարձրությամբ տանիքի հիմքն են:
 Հայտնի է, որ տաճարի հնացած փայտյա կմախքը տևական ժամանակ մտահոգության առիթ էր տալիս, ուստի իշխանությունները սկսել էին 6,8 մլն եվրո արժողությամբ վերանորոգման ծրագիր, որը պետք է երկարաձգեր պատմական շինության կյանքը:
 Ըստ նախնական տվյալների՝ կրակը սկսվել է աշտարակի մոտ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ դա վերանորոգման աշխատանքների հետևանք է: Այնուհանդերձ՝ իշխանությունները դեռևս չեն հայտնել հրդեհի իրական պատճառը:
Բրիտանական The Guardian պարբերականը ցավակցություն է հայտնել Փարիզին «սարսափելի կորստի» առնչությամբ:
«Այնպիսի տպավորություն է, ասես հենց Ֆրանսիայի սիրտն ու Եվրոպայի հոգին են անսպասելիորեն և չարամտորեն պոկել»,- գրում է պարբերականը:

«Թվում էր՝ երբ փլվեց տաճարի աշտարակը, դրա հետ փլվեց նաև ամբողջ աշխարհը: Փարիզցիները լալիս էին փողոցներում: Իսկապես, ամբողջ աշխարհն էր լալիս»,- գրում է The Independent պարբերականը:

Ամերիկյան New York Times-ը նշում է, որ հրդեհն ամբողջ աշխարհի վիշտն է հարուցել: Պարբերականի հավաստմամբ՝ հազարավոր փարիզցիներ նետվել են Սենայի ափերի մոտ՝ հետևելու, թե ինչպես են կրակի լեզվակները լափում տաճարը:

«Հեռուստատեսային և մալուխային կայաններն ընդհատել են իրենց սովորական աշխատանքը՝ հեռարձակելու համար սարսափելի աղետի երկարատև և անընդհատ լուսաբանումը: Փարիզցիների համար տաճարն իրենց քաղաքի պատմության մեծագույն խորհրդանիշն է: Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջ աշխարհին է պատկանում, և այժմ դրա մեծագույն գանձերից մեկն անասելի վնաս է կրել»,- գրում է New York Post-ը:

Բրիտանական Evening Standard օրաթերթն անդրադառնում է խիզախ հրշեջներին, որոնք փորձել են փրկել թանկ մասունքները, մինչդեռ մյուսները «դժոխքի դեմ պայքարում էին դրսից»:

«Չնայած հարյուրավոր հրշեջների ջանքերին՝ հրդեհը ժամեր է տևել: Հրշեջներն ամբողջ գիշեր անընդմեջ աշխատել են, և արդյունքում նրանց հաջողվել է փրկել տաճարի հիմնական կառույցը», գրում է USA Today-ը: 

Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ շատ ականատեսներ կասկածել են, թե արդյոք հրշեջները բավականաչափ պատրաստված են նման բարձրության կրակը մարելու համար:

Ամերիկյան Washington Post-ը գրում է, որ Աստվածամոր տաճարը «չի մահացել և կրկին վեր կխոյանա, սակայն երբեք այլևս նախկինը չի լինի»: Թերթը նաև գրում է, որ տաճարի անկումը մեծ հարված է Փարիզի և ամբողջ աշխարհի համար: 

«Ամենակարևոր հարցն այն է, թե ինչ աստիճանի է վնասվել քարե վերնաշենքը: Եթե անգամ որոշ քարե կամարներ չեն փլվել, կրաքարե ցանկացած շինություն երկար ժամանակ կրակի մեջ գտնվելուց հետո կթուլանա: Այդ քարե պատերը կարելի է փոխարինել, իսկ վիտրաժային ապակիները՝ ոչ»,- գրում է Wall Street Journal-ը:

Բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան նույնպես առնչվել է նման ավերածությունների՝ հիշեցնելով Վինձորյան և Հեմփթոն-Քորթ ամրոցների, ինչպես նաև Յորքի տաճարի հրդեհը:

Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհը կարող է կապված լինել տաճարում վերանորոգման աշխատանքների հետ:

Ավելի ուշ հաղորդվել էր, որ կրակը մարվել է, իսկ շինությունների փլուզումը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր