Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

29 ապր 2019 10:45

Հայաստանից կատարված մեծ գողությունն ու թալանը՝ փոքր երկրագնդում.Ո՞ւր պետք է փախչեն

Հայաստանից կատարված մեծ գողությունն ու թալանը՝ փոքր երկրագնդում.Ո՞ւր պետք է փախչենՈ՞ւր պետք է փախչեն, երկրագունդը փոքր է, հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում չարաշահումների համար մեղադրվող նախկին իշխող համակարգի տարբեր պաշտոնյաների, որոնք հեռացել են երկրից ավելի վաղ, քան նրանց հանդեպ կհայտարարվեր հետախուզում, կամ կհարուցվեր քրեական գործ: Երկրագունդն իսկապես փոքր է, հատկապես գլոբալիզացիայի ներկայիս դարաշրջանում: Այդուհանդերձ, խնդիրն այն չէ, որ նրանք կարող են թաքնվել, և նրանց կարող ենք չգտնել: Հարցն այն է, որ կարող են առաջանալ նրանց Հայաստան բերելու, կամ արտերկրում նրանց ունեցվածքը Հայաստանին վերադարձնելու հարցեր: Հայաստանում նրանց ունեցվածքը, իհարկե, հարց չէ, հատկապես, որ այստեղ մշակվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան այդ հարցերը լուծել առանց «հերոսի»՝ Հայաստանում գտնվելու: Բայց բանը նաև այն է, որ այդ մարդիկ Հայաստանում պահում են իրենց ունեցվածքի, թերևս, չնչին մասը, իսկ մեծ մասը՝ արտերկրում տարբեր բիզնեսների, օֆշորային հաշիվների տեսքով, գրում է 1in.am -ը։


Ընդ որում, նրանք, թերևս, իրենց ունեցվածքը «թաքցնելու» հարցում գտել են նաև արտասահմանյան գործընկերներ, նրանց միջոցով լեգիտիմացրել այն և բարդացրել խնդիրը նաև արտերկրի իրավապահների հետ գործակցությամբ ունեցվածքը հետ բերելու գործում, որովհետև կարող է առաջանալ այսպես ասած՝ գործընկերների հետ կապված իրավական խնդիր: Այդ իմաստով հասկանալի է, որ հարցը բավականին բարդ է և առնվազն ժամանակատար ու աշխատատար: Թերևս անխուսափելի է «հերոսների» ֆիզիկական հետապնդումը, որովհետև նրանք, թերևս, միայն երկարատև ազատազրկման վախի ներքո կապահովեն յուրացրածի վերադարձ, այսպես ասած՝ ազատության դիմաց: Հնարավոր կլինի՞ ապահովել նրանց ֆիզիկական վերադարձը: Որովհետև հարցն այստեղ ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իրավական է, որքան քաղաքական: Սա, անշուշտ, կախված է լինելու այն երկրների հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունից, որտեղ թաքնվելու են «փախստականները»:
Կասկածից վեր է, որ քաղաքական անհրաժեշտության դեպքում նրանք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն թերևս անմիջապես: Դրա մասին վկայում են, օրինակ, ռուսաստանյան տարբեր ֆիգուրներ և օլիգարխներ, որոնց Արևմուտքը հարկ եղած դեպքում արագորեն հայտնաբերում է անգամ «անմարդաբնակ կղզում»: Ինչ խոսք, Հայաստանից «փախստականները» Արևմուտքի համար, օրինակ, չունեն նույն նշանակությունը, ինչ ռուսականները: Եվ սրա պատճառները լիովին հասկանալի են, ի վերջո, գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանն իր կշռով ու նշանակությամբ չի կարող համեմատվել Ռուսաստանի հետ: Առավել ևս, որ շատ դեպքերում «հայտնաբերվողները» Արևմուտքի համար ՌԴ-ն քաղաքականապես թիրախավորելու միջոցներ են, որովհետև ՌԴ իշխանության թիրախում գտնվող ֆիգուրները Արևմուտքում վայելում են պաշտպանություն, և Մոսկվային մնում է միայն «հասնել և թունավորել», իհարկե, հետո սեփական ավելի բարդացող դրությամբ: Բոլոր դեպքերում, Հայաստանն այդ մասշտաբներից և տրամաբանությունից դուրս է, և, անկասկած, ահռելի ջանք է պահանջվում հասնել նրան, որ արևմտյան երկրները, մյուս կողմից նաև, իհարկե, այլ հնարավոր պետությունները, որտեղ թաքնվում են «փախստականները», ջանք գործադրեն, անհրաժեշտություն տեսնեն հայտնաբերելու ուղղությամբ ջանք գործադրելու և Հայաստանին օգնելու համար:
Ի լրումն այդ ամենի, բնականաբար, առանձին «կատեգորիա» է նաև Ռուսաստանը, որի համար այդ «փախստականները» ինչ-որ իմաստով թե՛ յուրային են, թե՛ նույնիսկ որոշակիորեն «գործակալ»: Ըստ այդմ, ակնառու է, որ խնդրի լուծումը արտաքին ուժային կենտրոնների հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունն է: Ասել կուզի, հարցն անուղղակիորեն վերածվել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի խնդրի, միաժամանակ նաև յուրօրինակ ինդիկատորի: Միևնույն ժամանակ, անշուշտ լուծում է պահանջում նաև մեկ այլ խնդիր՝ Հայաստանից նրանց դուրս չթողնելու խնդիրը: Այստեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, եթե առանց քրգործի խնդիրներ առաջացնեն տեղաշարժվելու համար, ամբողջ մեդիան կսկսի գրել և աղմկել, որ նոր իշխանությունը թույլ է տալիս ապօրինություն: Եվ սա իսկապես, մեղմ ասած, իրականությունից հեռու ենթադրություն չէ: Բայց հերթական անգամ առաջացնում է հարց՝ տուրք տալով այդ աղմուկի հավանականությանը բաց թողնել և բարդացնե՞լ խնդիրը, թե՞, այդուհանդերձ, քայլ անել անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: Սակայն պետք է թերևս նկատել, որ խորքային առումով հարցն այստեղ նույնիսկ անցումային արդարադատության մեխանիզմը չէ, այլ գուցե մի շատ ավելի կարևոր բան, որի մասին վարչապետ Փաշինյանը բարձրաձայնել է դեռևս արտահերթ ընտրության ընտրարշավի ընթացքում:
Ընտրողների հետ հանդիպումներից մեկում նա, անդրադառնալով յուրացրածը վերադարձնելու թեմային, հարց բարձրացրեց, որ պետք է հանրայնորեն գանք կոնսենսուսի, թե ինչպես ենք վերաբերում այդ խնդրին՝ վերադարձնողին ներո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ որքանի՞ վերադարձից հետո ենք ներում: Միաժամանակ պետք է հասկանալ՝ իսկ որքա՞ն են տարել, որքա՞ն են հետո գեներացրել տարածի հիման վրա: Այս հարցում ակնհայտորեն չկա սահմանում և հստակություն: Իսկ այս դեպքում ստացվում է, եթե բանը մնում է զուտ իրավական կարգավորման տիրույթում, որ հետապնդման պետք է ենթարկվեն անգամ այն անձինք, որոնք նախկինում եղել են հանցավոր մեխանիզմներում, բայց այսօր պարտավորվել են հանրության ու իշխանության առաջ գործել նոր իրողություններին համահունչ և օրինական դաշտում: Ակնառու է, որ Հայաստանում դեռևս ճշտված չէ բովանդակությունը, այն սպասարկելու անցումային կամ ստանդարտ մեխանիզմների կիրառման մարտավարությունը հասկանալու համար: Դա պետք է դառնա հանրային «դիսկուրսի» առարկա, որովհետև ժամանակը հակառակ դեպքում աշխատում է մինչև 2018-ի ապրիլ՝ այն Հայաստանի դեմ շուռ տվածների օգտին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր