Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Սեպտեմբերի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 հուլ 2019 16:02

ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխ, դավաճան սիրուհի եւ թմրամոլ որդի. Պարոնյանում հեղափոխական պրեմիերա է սպասվում

Թավշյա հեղափոխության մասին նոր ներկայացում է սպասվում: «BOOMԵՐԱՆԳ» կոչվող ներկայացման պրեմիերան տեղի կունենա հուլիսի 25-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Մեկ գործողությամբ կատակերգությունը հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին է։
Ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց «BOOMԵՐԱՆԳ»-ից եւ գլխավոր հերոսների մարմնավորած կերպարներից. «Փախուստի մեջ գտնվող եւ ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխի, նրա դավաճան սիրուհու, թմրամոլ որդու եւ խարդախ հաշվապահի մասին է: Գլխավոր հերոսը օլիգարխն է, որի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին՝ հեղափոխական մի աղջիկ»:
Սեդրակ Գոջամանյանից հետաքրքրվեցինք, թե օլիգարխի կերպարը կերտելիս Հայաստանում ապրող որեւէ օլիգարխի նկատի ունեցե՞լ է, վերջինս նշեց՝ ոչ, բոլոր հերոսները հավաքական կերպարներ են. «Սա այն պատմություն է, որ կարող էր ցանկացած երկրում պատահել եւ քանի որ եղավ Հայաստանում, իսկ ներկայացումն էլ հայի համար է, բնականաբար ամեն ինչը հայկական մոտիվացիան է եղել: Օրինակ՝ հաշվապահն այն մարդկանցից է, որ քաղաքական ցանկացած փոփոխությունների ժամանակ այս թեւից անցնում են մյուս թեւը»,-ասաց նա:
Օլիգարխի կերպարը մարմնավորում է Լեւոն Հարությունյանը, հեղափոխական անծանոթուհուն՝ Լուիզա Ներսիսյանը, հաշվապահին՝ Անդրանիկ Հարությունյանը, սիրուհուն՝ Ժաննա Հովակիմյանը: Օլիգարխի թմրամոլ որդու կերպարը մարմնավորում է Վահե Զիրոյանը, իսկ թմրամոլ տղայի ընկերուհուն՝ Միլենա Ավանեսյանը:
Ներկայացման հիմքում բումերանգի օրենքն է՝ «ինչ անես՝ քեզ է վերադառնում»: Հենց այդտեղից էլ առաջացել է կատակերգության վերնագիրը՝ «Բումերանգ»:
Պիեսի հեղինակը Արմեն Վարդանյանն է: Սեդրակ Գոջամանյանը պատմեց, որ գաղափարն առաջացել հենց հեղափոխության օրերին. «Ես եւ Արմենն ամենօրյա շփումների մեջ էինք եւ ամեն ինչ մեր աչքի առաջ էր կատարվում: Արվեստագետները քաղաքական գործիչներ չեն, բնականաբար, բայց իրենք էլ պետք է ունենան իրենց տեսակետը, յուրաքանչուր զարգացում, որ եղել է այս 1,5 տարվա մեջ՝ աշխատեցինք ի մի բերել եւ առաջարկել մեր տարբերակը»: Բեմադրիչի խոսքով՝ պիեսում ավելի շատ մարդու ներքին հեղախություն է ներկայացվում:
Սեդրակ Գոջամանյանից հետաքրքրվեցինք, թե կոմերցիոն տեսանկյունից ինչ կարող է տալ հեղափոխության մասին ներկայացումը. «Հիմա դա այնքան էլ բարեհաջող ժամանակ չէ, այսինքն, եթե ես սա անեի հեղափոխությունից մեկ կամ երկու ամիս հետո, կոմերցիոն իմաստով շատ խելացի քայլ կլիներ: Դիտավորյալ չենք արել, ուզում էինք տեսնել, թե ինչ զարգացում կլինի: Հիմա այնքան նախագծեր ու սկետչային հումորներ են արվել այդ թեմայի շուրջ, որ արդեն իսկ սպառված է այդ շուկան, հետեւաբար շեշտը դրա վրա չենք դրել»: «BOOMԵՐԱՆԳ»-ի տոմսերի արժեքը սկսվում է 2 հազար դրամից, հասնում 6 հազարի:
Բեմադրիչը չի կարծում, թե որեւէ քննադատության առիթ կստեղծի թեմատիկայի ընտրությունը, անգամ թատերագետների արձագանքից չի խուսափում. «Եթե գործը նայեն, անգամ ամենասուր քննադատները կհավանեն, քանի որ սա նախադեպ չունեցող տեսակ է, գլուխ չեմ գովում, բայց սա այնպիսի գործ է, որ կարող է եւ հեղափոխություն եղած չլիներ եւ մենք անենինք նույնը: Արվեստագետն առաջին հերթին մտնում է նրա մեջ ինչ պատահում է իր շրջապատում, դա նորմալ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր