Տեսանյութ. Ջերմուկի բնակիչներին խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները․

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ բնապահպանական ռիսկերը, հանրության մտահոգությունները, տնտեսական հանրության կարծիքները չեն անտեսվելու, չի արհամարհվելու նաև անվտանգության ոլորտի անհանգստությունները. «Եթե մենք այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, դա ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ մեր անվտանգության միջավայրի վերաբերյալ: Պետք է դա հասկանալ»:
Փաշինյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար խնդրում է Ջերմուկի քաղաքացիներին, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը. «Երկրորդ՝ ես հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ՝ պարզելու համար հարցերը, որոնք բարձրացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը: Ստուգումների արդյունքում տեսականորեն կարող է պարզվել, որ խախտում չկա, կարող է պարզվել, որ կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների: Այս պարագայում շտկումները կիրականացվեն և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի լինի: Տարբերակ երրորդ՝ կան խախտումներ, անճշտություններ, որոնք հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի: Դա նշանակում է, որ կա նաև նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն: Շրջակա միջավայրի նախարարությունը նաև հարցեր է բարձրացրել, որոնց պատասխանները պետք է տա ՔԿ կոմիտեում ընթացող նախաքննությունը»։