17:22 - Չի բացառվում, որ Բաքուն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության` փորձի արտասահմանում առևանգել հայերին` մեր երգիչներին, քաղաքական գործիչներին...         16:45 - Ո՞ր իրական նորմով օգնականն իրավունք ունի ղեկավարի ունեցվածը վերցնել, վերաբաշխել, վաճառել.ի՞նչ ոսկիների մասին է խոսքը      16:07 - Տեսանյութ. Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. հոգու խորքում ինքն էլ է այդ կարծիքին. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին    

12 սեպ 2019 14:19

Բիոպսիան կարո՞ղ է քաղցկեղային ուռուցքը չարորակ դարձնել կամ նպաստել դրա տարածմանը

Զարգացած երկրներում հազվադեպ է հանդիպում պացիենտ, որը վստահ է, որ բիոպսիան կարող է քաղցկեղային ուռուցքը չարորակ դարձնել կամ նպաստել դրա տարածմանը: Իսկ Հայաստանում այդ միֆերը դեռեւս տարածված են:
Դրանք ոչ այլ ինչ են, քան միֆեր՝ պնդում է ռադիոլոգ Անի Հակոբյանը: Իրականում բիոպսիան չի կարող ուռուցքը չարորակ դարձնել, դա ընդամենը ախտորոշիչ հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հասկանալ, թե պացիենտի մոտ ինչ տեսակի ուռուցք է եւ ինչ բուժում է պահանջվում:
«Որեւէ գիտական ապացույց չկա, որ բիոպսիայի պատճառով բարորակ ուռուցքը կարող է չարորակ դառնալ կամ չարորակը կարող է առավել ագրեսիվ դառնալ ու տարածվել: Բիոպսիան քաղցկեղի շատ տեսակների, այդ թվում նաեւ վահանաձեւ գեղձի քաղցկեղի ախտորոշման համար միջազգային ստանդարտ է համարվում»,- NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ռադիոլոգը:

Մասնագետը բացատրեց, որ ուռուցքը սկզբնապես կամ բարորակ է լինում կամ չարորակ: Եթե այն բարորակ է, ապա ամեն դեպքում աճում է եւ տարածվում՝ անկախ նրանից՝ բիոպսիա արվում է, թե՝ ոչ:
«Քաղցկեղային բջիջները բջիջներ են, որոնք, կարելի է ասել, դուրս են եկել օրգանիզմի հսկողությունից, դրանք անվերահսկելիորեն աճում են ու բազմանում: Դրանք բջիջների առանձին խումբ են, որոնք ունեն իրենց «աշխարհը», իրենց միկրոկլիման, եւ իրենց «գործը» անում են՝ անկախ նրանից, թե բիոպսիա արվում է կամ չի արվում: Եվ եթե բջիջները առողջ են, դու պարզապես չես կարող դրանք բիոպսիայի միջոցով քաղցկեղային բջիջների վերածել»,- նշեց մասնագետը:   
Իհարկե, բիոպսիայի ժամանակ, ինչպես եւ ցանկացած այլ բժշկական պրոցեդուրայի ժամանակ, կարող են բարդություններ լինել. ամենից առաջ դրանք կապտուկներն ու հեմատոմաներն են այն վայրում, որտեղ ասեղ են ներարկել: Դրանից ավելի լուրջ բարդություններ բժիշկ Հակոբյանն իր 25-ամյա պրակտիկայի ընթացքում չի հանդիպել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտասահմանում:
Ինչո՞ւ է անհրաժեշտ բիոպսիան: Ինչո՞ւ չի կարելի առանց դրա բուժում սկսել:
Եթե խոսքը, օրինակ, վահանաձեւ գեղձի ուռուցքի մասին է, բուժումից առաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ տեսակի ուռուցք է, քանի որ հենց դրանից է կախված բուժման տակտիկան: Որոշ դեպքերում վիրահատության, այլ դեպքերում՝ քիմիաթերապիայի, որոշ դեպքերում էլ՝ պարզապես դինամիկ հետազոտության կարիք է լինում: Եվ եթե սխալ բուժում անցկացվի, ապա դա կարող է վնասել պացիենտին եւ զգալիորեն նվազեցնել առողջացման շանսերը:
Այդ պատճառով խորհուրդ է տրվում չարորակ ուռուցք կասկածելու դեպքում բիոպսիա անցկացնել՝ համոզվելու համար, որ ուռուցքն իսկապես չարորակ է, որից հետո արդեն սահմանել բուժման տակտիկան:  


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր