Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

09 հոկ 2019 10:57

Վալերի Օսիպյանն ավարտե՞ց առաքելությունը, թե՞ դեռ կխախտի ներքաղաքական հանգիստը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժեշտ է տվել նաեւ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին, ինչպես վարչապետի մամուլի խոսնակն է նշել՝ իր դիմումի համաձայն:
Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնից հեռացավ ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի աղմկոտ հեռացումից օրեր անց: Վալերի Օսիպյանի հեռացումը քաղաքականապես նույնքան աղմկոտ չէր, եւ ավելին՝ պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը վկայում էր, որ Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին գուցե հեռացնում է անարդյունավետության համար, սակայն բարոյական առումով նրա հանդեպ պահպանում է որոշակի վերաբերմունք, ինչը հատկանշական էր Արթուր Վանեցյանի հետ «փոխհրաձգության» ֆոնին:


Սակայն Օսիպյանի պաշտոնանկությունից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին պաշտոնավարման ընթացքում նրա ձեռք բերած երեք բնակարանների եւ թանկարժեք մեքենայի մասին, ինչը առաջացրեց, այսպես ասած, «կոռուպցիոն երանգ» նախկին ոստիկանապետի պաշտոնազրկման «գործում»: Արդյոք դա՞ է դեր խաղացել այն հարցում, որ Նիկոլ Փաշինյանը Վալերի Օսիպյանին ի վերջո հեռացրեց նաեւ գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Վալերի Օսիպյանը մտերիմ է ռուսաստանցի մեծահարուստ հայերից մեկի հետ, որն էլ նրան նվիրել է բնակարաններն ու մեքենան: Բայց, ի վերջո, նախկինում էլ պաշտոնյաները իրենց առասպելական ունեցվածքի մի զգալի մասը բացատրում էին նվիրատվություններով: Իհարկե, Օսիպյանի պարագայում խոսքն առասպելականի մասին չէ, սակայն վերջին հաշվով ամեն ինչ սկսվում է քչից: Մյուս կողմից՝ եթե կա այդպիսի ռիսկ, ապա խնդիրը չպետք է սահմանափակվեր լոկ պաշտոնանկությամբ, որովհետեւ առաջանում է հարց, թե արդյոք ի՞նչ որոշումներ են կայացվել այդ «նվերների» դիմաց:
Իհարկե, այդ բոլոր հարցադրումները գոյության «իրավունք» ստանում են այն պայմաններում, երբ չի լինում հեռացումների հետ կապված քիչ թե շատ հստակ պաշտոնական բացատրություն: Թեեւ կասկածից վեր է, որ անգամ ամենահստակի պարագայում լինելու են դրան չհավատացողներ եւ «այլընտրանքային» վարկածներ տարածողներ ու շրջանառողներ: Այս պարագայում, իհարկե, պետք է հասկանալ՝ Վալերի Օսիպյանի «պատմական» դերը հայաստանյան փոփոխությունների շրջափուլում ավարտվա՞ծ է, եւ նա գնում է, այսպես ասած, «վաստակած» հանգստի՞, թե՞ նրա առաքելությունը դեռ ավարտված չէ, եւ Օսիպյանը դեռեւս «կխախտի» ներքաղաքական հանգիստը:
Ի վերջո, այստեղ պետք է հիշել ոստիկանության պետի պաշտոնը թողնելու հետ կապված նրա հայտարարությունը, որում նշել էր, թե պատճառների մասին կխոսի ավելի ուշ: Այդ հայտարարությունը մնում է ուժի մե՞ջ, թե՞ այդուհանդերձ պաշտոնավարման ընթացքում բնակարաններ եւ մեքենա նվեր ստացած նախկին ոստիկանապետը այլեւս չի խոսի, քանի որ նրա փոխարեն ամեն ինչ ասել են այդ նվերները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր