Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 հոկ 2019 12:13

Ցավալի է, որ իրավապաշտպանության ոլորտում իրենց ներկայացնում են նաև մերօրյա պատեհապաշտ նման «փանջունիները»

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրեն իրավապաշտպան հորջորջող ոմն Արտակ Գալստյան, տուրք տալով հիվանդագին երևակայությանը, ֆեյսբուքյան մի գրառում է կատարել, իբր, «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթի հարուցմամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից «մարտի մեկի գործով» «առանցքային» վկա հանդիսացող Հայկ Ստեփանյանին «լռեցնելու», այդ վարույթը ՀՅԴ անդամների ցուցումով հարուցելու վերաբերյալ:


Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի վերաբերյալ ամենաֆանտաստիկ և մառամզատիկ դատողություններ հնչել էին, և թվում էր՝ ինչ-որ նոր բան հնարելը չափազանց բարդ կլիներ: Սակայն երբ գործ ունես խելագարության կանխավարկածով առաջնորդվելու սինդրոմի հետ, ոչինչ զարմանալի չի թվում:
Քանի որ տվյալ դեպքում ակնհայտորեն գործ ունենք Արթուր Դավթյանի նկատմամբ հանրային տրամադրություններ գեներացնելու պրիմիտիվ և ծիծաղելի մանիպուլյացիոն փորձերի հետ, այսինքն՝ լուրջ վերաբերվելու պատճառ չկա, կբավարարվեմ ընդամենը մի քանի կարճ նկատառումներով:
Նախ՝ «Հայելի» ակումբի հետ կապված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործը հարուցվել է օրենքով սահմանված առիթի և հիմքերի առկայությամբ:
Երկրորդ՝ իմ՝ իբրև ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի, ֆեյսբուքյան էջը բաց է, և գրառումների տակ, բացի ՀՅԴ վկայակոչված ներկայացուցիչներից, բազմաթիվ այլ, ընդ որում՝ քաղաքական ու քաղաքացիական հակադիր հայացքներ ունեցող օգտատերեր իրենց ծայրահեղորեն տարբերվող կարծիքներն ու ակնկալիքներն են գրում: Եվ եթե շարժվենք վերոնշյալ գրառման հեղինակի տրամաբանությամբ, ապա ՀՀ դատախազության ցանկացած դատավարական գործողություն նրանցից ինչ-որ մեկի ցուցումով կամ ի հեճուկս նրանց է արվում: Համաձայնեք՝ անմտություն է:
Երրորդ՝ ցանկացած գործով (այդ թվում հանրային մեծ հնչեղություն ունեցող «Մարտի 1-ի» վերաբերյալ գործով) ականատես վկայի տված ցուցմունքները գնահատվում են տվյալ գործով ձեռք բերված ապացույցների համակցության մեջ, և դրանց իրավական գնահատականը որևէ կերպ չի կարող պայմանավորվել մեկ այլ դեպքի առթիվ քննվող գործով անձի որևէ կարգավիճակի հետ: Հակառակի մասին պնդումները ոչ միայն «մասնագիտական» նեղմտության, այլև իրավական պետության էությունից զրոյական պատկերացումներ ունենալու ցուցիչ է:
Չորրորդ՝ չեմ անդրադառնա գրառման հեղինակի անցյալի շատ հետաքրքրական որոշ դրվագների: Ցանկացողը կարող է շատ հանգիստ պարզել և հետևություններ անել նման հետագիծ թողած մեկի ինչպես խոսքի արժանահավատության, այնպես էլ իրավապաշտպանությամբ զբաղվելու լրջության մասին:
Պարզապես ցավալի է, որ իրավապաշտպանության ոլորտում իրենց ներկայացնում են նաև մերօրյա պատեհապաշտ նման «փանջունիներ», ովքեր իրավապաշտպանությունն ակնհայտորեն շփոթում են վաշխառության կամ սպեկուլյացիաներով զբաղվելու փեշակի հետ՝ առաջնորդվելով բացառապես նեղ անձնական շահերով, իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի ընթացքի վրա «ճնշումներ» գործադրելու ձգտումներով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր