Տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս, ցանկանում եք նոր ընտանիք կառուցել երեք զոհերի հիշատակի վրա՞

«Պատրաստել էինք 30-35 հարց հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու համար: Նկատի ունենալով, որ մեր կողմից բարձրացված որևէ հարցի պատասխան չի հնչեցվում, ավելորդ եմ համարում մյուս հարցերը հնչեցնել»,- հայտարարեց մեղադրող դատախազը:
Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը հարցով դիմեց Պ. Մանուկյանին. «Եթե ասում եք Արմեն Բիլյանը չի կրակել Գագիկ Մկրտչյանին, խնդրում եմ ասեք՝ ո՞վ է»:
Պ. Մանուկյանն ասաց, որ դեռ մեկ տարի երկու ամիս առաջ է հայտարարել, որ Էդվարդ Գրիգորյանն է պատահական կրակել, ինքը եղել է այդտեղ:
«Այդ ժամանակ Բիլյանը եղել է զորամասի մուտքի մոտ: Կրակոցը պատահական էր, օգնել ենք Գագիկին, փաթաթել ձեռքը, միասին զրուցել ենք, կես ժամից ավելի մնացել է զորմասում, հետո մեքենայով տեղափոխել են»,- ասաց Պ. Մանուկյանը:
Նա նաև դիմեց դատավոր Պետրոս Մակյանին՝ հարցնելով. «Ես եղել եմ արդարության մարդ: Շատ վատ է, որ այսօր ողջ հանրապետությունով մեկ տարածում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեզ ազատել: Չեմ հասկանում՝ մեզ ազատեց Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ մեր արդարադատությունը»:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանը նույնպես հրաժարվեց պատասխանել հարցերի: Նշեց, որ այս փուլում ցուցմունք չի տալիս, տեսնի, թե ինչպես է գնում դատական գործընթացը, իր խոսքը կասի: Նա նույնպես նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մեղադրանքն իր վրա գրել են, բերել են թուղթը, դրել:
«Առաջին օրվանից ասել եմ, որ մեղադրանքը շինծու է, լկտի սուտ: Մեղադրանքը ներկայացնող քննիչներին ասել եմ՝ սրա համար պատասխան եք տալու:
Մեղադրանքը գրողը, ներկայացնողն այդ կեղծիքի համար պատասխան են տալու, հետամուտ եմ լինելու, որպեսզի արդարադատություն հաստատվի Հայաստանի դատարաններում, պայքարելու եմ արդարության համար: Գնացել եմ ապստամբության իմ ժողովրդի, արդարության համար»,- ասաց Ա. Բիլյանը:
Նիստի ավարտին Հասմիկ Ոսկանյանը խոսքն ուղղելով ամբաստանյալներին՝ նշեց. «Երեք ջահել տղամարդու կյանք եք խորտակել… Ինչո՞ւ եք ճպացնում, ճիշտ չեմ ասո՞ւմ: Երեք ընտանիք եք քանդել, դուք ցանկանում եք նոր ընտանիք կառուցել երեք զոհերի հիշատակի վրա՞: Դուք տեղյակ եք այդ երեք հոգու ծնողների, քույրերի վիճակից: Արել եք, պատասխան տվեք: Եթե ինձանով լիներ, բոլորդ պետք է ճաղերի հետևում լինեիք, սպասեիք մինչև դատավորի վճռին, ոչ թե ազատ պտտվեիք: Տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս, չեք էլ ամաչում»: