Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 դեկ 2019 11:45

Մորս մահից հետո ասացին՝ երեխան գլխի ուռուցքով է ծնվել ու մահացել է, դիակն էլ չեն կարող ցույց տալ. նոր դեպք «երեխաների վաճառքի գործով»

«Երեխաների ապօրինի որդեգրման, վաճառքի գործում մեղադրյալների շրջանակը պետք է ընդլայնվի: Ռազմիկ Աբրահամյանից սկսած մինչև վերջին սանիտարկա ու լիֆտյորշա, դռնապան այս գործում ներգրավված են եղել: Դա չի էլ քննարկվում, և նրանք բոլորը պետք է հայտնվեն մեղադրյալի աթոռին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց այս գործով տուժած մայրերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Նրա խոսքերով՝ անհնար է, որ երեխան առողջ ծնվեր, ապա ժամերի մեջ «մահանար» և դրանից մենակ Ռազմիկ Աբրահամյանը տեղյակ լիներ: «Դեպքեր կան, որ քույրը եկել, ցուցմունք է տվել և ասել՝ դե, ես ինչ անեմ, ինձ մահացած երեխա են տվել, ասել են՝ տար դիր սառնարանը, ես էլ տարել դրել եմ: Բայց հո դա այդպես չէ, ինքը շատ լավ էլ իմացել է, որ երեխան մահացած չէ, այլ տարել են, առանձնացրել, որ հետո Ռազմիկ Աբրահամյանը վաճառի: Այնպես որ, մեղադրյալների շրջանակը միանշանակ պետք է ընդլայնվի, և քննություն տարվի բոլորի վերաբերյալ»,-ընդգծեց Սարգսյանը:


Փաստաբանի համար առնվազն տարօրինակ է, թե ինչպես են նման աղմկոտ գործով այս պահին առկա մեղադրյալները ազատության մեջ, ինչպես է դատարանը Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ։ «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե քննիչը ինչ նյութեր է ներկայացրել դատարանին Աբրահամյանին կալանավորելու համար, արդյոք այդ միջնորդությունը եղել է հիմնավոր, միջնորդության հիմքում բավարար ապացույցներ դրվել են, թե ոչ: Ես պնդում եմ, որ հնարավոր էր շատ հիմնավոր, փաստարկված միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի միջնորդությունը չմերժվեր: Մենք այս մասով տեղեկություն չունենք, բայց ակնհայտ է, որ նման գործով մեղադրյալները չեն կարող մնալ ազատության մեջ՝ հաշվի առնելով նրանց կապերը, ազդեցության աստիճանը: Մենք շատ լավ գիտենք, հրապարակային փաստերից էլ ակնհայտ է, որ Ռազմիկ Աբրահամյանը լավ կապեր ունի, կարող է ազդել քննության վրա, գործով անցնող վկաների վրա, իր աշխատակիցների վրա: Նա կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքը: Նույնն էլ վերաբերում է մանկատան տնօրենին: Նրանց որևէ մեկի լիազորությունները դադարեցված չեն, որևէ արգելք, սահմանափակում չունեն և կարող են շատ հանգիստ, անարգել հանցագործության հետքերը թաքցնել: Իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ ինչ գործարք են արել, ինչպես են արել և կարող են իրենց դեմ հավանական ցուցմունք տվողներին համոզել հետ կանգնել այդ մտքից:
Իրենք շատ հանգիստ կարող են այս ժամանակահատվածում ապահովագրել իրենց՝ վերացնելով բազմաթիվ ապացույցներ»,- ասաց փաստաբանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է հնարավոր, երբ 6000 դրամ գողացած կնոջը կալանավորել էին, և վճռաբեկը հազիվ արդարացրեց բազմազավակ մորը, բայց այս հնչեղ գործով առանցքային մեղադրյալները ազատության մեջ են. «Հիմա հարց՝ Ռազմիկ Աբրահամյանն ու մանկատան տնօրենն են ավելի վտանգավոր, թե 6000 դրամ գողացած կինը կամ, ասենք, մի հեռախոս գողացող, որը ամիսներով նախնական կալանքի տակ է գտնվում»:


Փաստաբան Սուսաննա Սարգսյանն ասաց, որ այս պահին իրենց ձեռքի տակ 100-ից ավելի գործեր կան, որոնք բոլորը վերաբերում են երեխաների հնարավոր անհետացմանը, վաճառքին, բոլորն էլ Հանրապետական ծննդատան հետ կապված: Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ նման ոչ մի դեպք չի բացահայտվել: Շատ դեպքերում, այո, ծնողները չեն դիմել իրավապահներին, որ աղմուկ չբարձրանա, բայց հիմնական դեպքերում դիմում եղել է, քրեական գործ հարուցվել է, բայց որևէ քննչական գործողություն չի իրականացվել դեպքը բացահայտելու համար: Իսկ եղել են դեպքեր, երբ քննիչը տուժողին հայտարարել է, որ վերևներից այլևս թույլ չեն տալիս գործը քննել, և այն պետք է փակել: Այս ամենը փաստաբանին հիմք է տալիս եզրակացնելու, որ երեխաների վաճառքի, ապօրինի որդեգրման շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններում է։ «Միանշանակ է, որ շղթայի մի օղակն էլ իրավապահ մարմիններն են: Ինչպես եք պատկերացնում, որ տարիներ շարունակ հանրապետությունում տեղի է ունեցել ծնողներից երեխաների խլում, երեխաների վաճառք, երեխաների օրգանների վաճառք առանց իրավապահ մարմինների հովանավորչության: Եթե այդ հովանավորչությունը չլիներ, որևէ դեպքով հնարավոր կլիներ հետքի վրա դուրս գալ: Ծնողներ կան, որ բարձրաձայնում եմ 1985-88 թվականի դեպքեր: Ռազմիկ Աբրահամյանը 75 թվականից նշանակվել է այդ պաշտոնում, և մասսայական դեպքերը սկսել են, ոնց կարող էր իրավապահների աչքից դա վրիպեր: Էլ չեմ ասում՝ Ազգային անվտանգության ծառայության աչքից: Ուրեմն այդ մարմինները կամ հանցակից են կատարվածին, կամ պարզապես տեղում չեն եղել: Փաստացի, ՀՀ-ն Ազգային անվտանգության մարմին չի ունեցել, եթե հնարավոր է 30-35 տարի շարունակ երեխա վաճառել և չբռնվել»,-եզրափակեց փաստաբանը:
Սուսաննա Սարգսյանը իրավացիորեն նշեց, որ դեպքերը շատ վաղուցվա են և աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս:


«Առաջին լրատվական»-ին հաջողվեց գտնել մի ընտանիք, որից երեխային նույն մեխանիզմով, նույն ճանապարհով խլել են 1993-ին: Անհետացած նորածնի քուրը՝ Անահիտ Հակոբյանը մեզ պատմեց, որ իր մայրը Հանրապետական ծննդատանը ծննդաբերել է 1993-ի օգոստոսին, նորմալ հղիություն է տարել: Թեև առաջին ծննդաբերությունից հետո բժշկի մեղքով օրգանիզմում մնացած ընկերքի կտորի պատճառով ջերմություն է ունեցել, աղիներն են վիրահատել, բայց մայրը երեխային կերակրել է կրծքով, երեխան քաշ է հավաքել: Անահիտի մայրը, սակայն, օգոստոսի 22-ին 22 տարեկան հասակում հիվանդանոցում մահանում է, և երբ երեխայի հայրը գնում է, որ երեխային վերցնի, ասում են, որ երեխա չկա, երեխան ծնվել է գլխի ուռուցքով, և իրենք ուղարկել են առաջին հիվանդանոց։ «Հայրական պապս գնում է պլանի գլխի հիվանդանոց, ցույց է տալիս երեխայի թղթերը, քանի որ երեխան արդեն անուն-ազգանում ուներ, ծննդյան վկայական, նրա անունը Սոնա Հակոբյան էր: Պապիկս որ գնում է, իրենք ասում եմ՝ նման բան չկա, երեխան մահացած է, դիակ էլ չկա, դիակը ցույց չենք տա: Եվ քանի որ բոլոր բարեկամները խառն են եղել մամայիս մահվան հարցերով, այլևս չեն կարողացել երեխային գտնեն: Ասել են՝ երեխա չկա, մահացել է, ու վերջ: Բայց բոլորս էլ կասկածներ ունենք, որ քույրս ողջ է: Քույրս առանց խնդրի է ծնվել, հիվանդ չի եղել, ուղղակի այդքան երկար է մնացել հիվանդանոցում, քանի որ ես ու մյուս քույրիկս փոքր էինք ու իրեն նայող չկար: Մամաս պահել է իր մոտ հիվանդանոցում, կերակրել է, երեխան քաշ է հավաքել: Հասկանում եք, ոչ մի խնդիր չի եղել: Այդ երեխան չէր կարող մահանալ»,-ասաց Անահիտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս բացահայտումներից հետո իրենք ևս պատրաստվում են դիմել իրավապահներին, փնտրել քրոջը:
Անահիտ Հակոբյանն ասաց, որ ինքն էլ է Հանրապետական ծննդատանը ծննդաբերել 2014 թվականին, հենց նույն օրերին այդ հիվանդանոցում երեխա է կորել, մեծ աղմուկ է բարձրացել հիվանդանոցում, որից Անահիտը շատ է վախեցել։ «Ռազմիկ Աբրահամյանը ինձ կեսարյան հատում էր իրականացնում, բայց ես սարսափելի ուշադիր էի, տեսա, որ երեխայիս ոտքին խալ կար, միանգամից զանգեցի մերոնց և ասացի, որ երեխայի ոտքին խալ կա, ու եթե ուրիշ երեխա ցույց տան, ուրեմն դա իմը չի: Ես շատ վախեցած էի այդ հիվանդանոցից: Այդ հիվանդանոցում է աշխատում նաև նրա աղջիկը, որը նույնպես բարի փերի չի: Նրանք վիժվածքներ են»,-եզրափակեց Անահիտ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր