Ալիևի խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում․ Аргументы и Факты
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/02/0-88.png)
Փաշինյանը այն հիշատակում էր՝ ասելով, որ այդ թերթում հրապարակվել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում վերջինս վստահեցնում էր, որ Խոջալուում ադրբեջանցիների սպանդը կազմակերպել են հենց ադրբեջանցի ընդդիմադիրները՝ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու համար։
Դրանից հետո Ալիևը ակնարկեց, որ թերթում և առհասարակ ռուսական մամուլում շատ հայեր են աշխատում՝ ակնարկելով, որ այդ տեղեկությունը հաղորդելու մեջ հայերի մատը խառն է։
«Ալիևի խոսքերը «Արգումենտի ի ֆակտի»-ում և առավել ևս խմբագրության ղեկավար կազմում շատ հայերի ներկայության մասին, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Ու դա վերաբերում է ինչպես գործող խմբագրությանը, այնպես էլ այն լրագրողական կազմին, որ աշխատել է 1990-ական թվականներին»,- ասվում է թերթի հրապարակած հատուկ հայտարարության մեջ։
Ի դեպ, թերթը անդրադարձել է նաև Փաշինյանի խոսքերին և ուղղել՝ այդ հարցազրույցը, որքան էլ զավեշտալի է, հրապարակվել է ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթում, այլ «Նեզավիսիմայա գազետա» թերթում։
Ցանկացած դեպքում թերթի խմբագրությունը երկու առաջնորդներին շնորհակալություն է հայտնել՝ միջազգային ասպարեզում թերթը գովազդելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք` Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: