Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը գրեթե պատրաստ չէր այդ հանդիպմանը, միկրո եւ մակրո հեղափոխությունների կեղծ թեզեր էր առաջ քաշում

Ըստ Համբարյանի. «Փաշինյանի առաջին սխալն այն էր, որ ինքն իբրեւ թե կարդացել էր Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում նա բացահայտել էր Խոջալուի դեպքերը: Այդ հարցազրույցը տրվել էր ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթին, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ին: Երկրորդ սխալը Փաշինյանի, որին չարձագանքեց Ալիեւը, այն է, որ Շահումյանի շրջանը 100%-ով բնակեցված է եղել հայերով: 1989թ.-ի մարդահամարի տվյալներով՝ Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունից 17 000-ը հայեր էին, իսկ 3000-ը՝ ադրբեջանցիներ»: Քաղաքագետի բնորոշմամբ՝ պարզվեց նաեւ, որ Փաշինյանը համաձայնեց Ալիեւի այն թեզին, որ Հայաստանում եղել են 300 000 ադրբեջանցիներ, որոնք դարձել են փախստականներ. «Ախորժակն ուտելիս է գալիս, եւ Ադրբեջանն աստիճանաբար ավելացնում է թիվը»: Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը նաեւ բացարձակ տեղյակ չէր, թե 1989թ.-ի դրությամբ ինչ էթնիկ վիճակ է եղել Արցախում. «Ալիեւն 8000-ով ավելացրեց ադրբեջանցիների թիվը, իսկ հայերինը նվազեցրեց 6000-ով, ինչին Փաշինյանը չարձագանքեց: Ալիեւը հայերին մեղադրեց Արցախը գրավելու, տարածքներ օկուպացնելու մեջ, ինչին եւս արձագանք չեղավ»:
Քաղաքագետը կարծում է, որ մյունխենյան բանավեճում Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական կեցվածքն անընդունելի է. «Ադրբեջանն ի պատասխան առաջ քաշեց հայերի կողմից իբրեւ թե էթնիկ զտման ենթարկվելու թեզը, որին Փաշինյանը չարձագանքեց: Ունենալով Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերը, ապրիլյան ռազմական գործողությունների իրադարձությունները, երբ Ադրբեջանը մորթել էր տարեցներին եւ գլխատել զինվորին, Փաշինյանը միկրո եւ մակրո հեղափոխությունների կեղծ թեզեր էր առաջ քաշում: Դրանք հնարավոր են միայն այն դեպքում, երբ հակառակորդն էլ է համաձայն, այլապես այդ ուտոպիստական մոտեցումներն օգտակար չեն: Ալիեւն ապացուցեց, որ չի հրաժարվում իր թեզերից»: Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ շատ վատ է, որ հայ հանրությունը հրճվել էր Փաշինյանի մեջբերած՝ Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի միջեւ բանակցությունների օրինակով. «Դա շատ ճոխ համեմատություն էր: Ադրբեջանին կարելի էր համեմատել «Կոկա-Կոլա»-ի հետ, որն ավելի հին է: Դա ավելի ճիշտ եւ հեգնական կլիներ, քան Տիգրան Մեծի հետ համեմատությունը»: Հիշեցնենք՝ Փաշինյանն Ալիեւին ասել էր, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի նվաճող Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն այդ ժամանակ չկար: