Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

21 փետ 2020 11:22

«Այդ 2 պաշտոնանկությունները մակերեսային գործողություններ են, սկզբունքային վերափոխություններ են անհրաժեշտ». Ա. Վարդանյան

Բանակում վերջին 1,5 ամսվա ընթացքում հաճախակիացել են խաղաղ պայմաններում արձանագրվող մահվան դեպքերը: Օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, ըստ որի Զինված ուժերում գրանցված 13 մահվան դեպքերից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են հիվանդության, անձնական խնդիրներով, մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր: Բանակում կատարվող դեպքերի, ԶՈՒ 2 բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ:


«Ես կարծում եմ, որ բոլոր ուժային կառույցները, որոնք դեռ շարունակում են գործել, այսպես ասած, թավշյա հեղափոխությունից հետո, պետք է արմատապես վերափոխված լինեին, ինչը չի արվել մինչև այսօր: Ինչո՞ւմն է խնդիրը. բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ իրավաքաղաքական գնահատական չի տրվել: Փաստացի, այն ռեժիմը, որ այսօր է տիրում, եթե իր ամբողջ գործունեության տեսանկյունից նայենք, նախորդ ռեժիմն է, որովհետև բանակում տեղի ունեցածը չի բացահայտվում, ամեն անգամ նույն պատճառաբանությունն ենք լսում, որ իբրև թե ինքնասպան են եղել, և վարչապետն այդ դեպքերի հիմնական պատճառը բացատրում է նրանով, որ բանակում մահերը քրեական ենթամշակույթի արդյունքն է»,- կարծիք հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, այդ հեղափոխության տրամաբանության ներքո պետք է շարժվել, ինչը չի նկատվում. «Հանգուցային, սկզբունքային հարցերում որևէ փոփոխություն տեղի չի ունենում, և դա է պատճառը, որ նման ողբալի դեպքեր են տեղի ունենում և շարունակվելու են դրանք այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի շտապում և խորապես չի գիտակցում, որ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության համար արմատները ոչ թե պետք է փնտրել քրեական ենթամշակույթի մեջ, այլ սկզբունքային վերափոխությունների բացակայության մեջ»:





Օրեր առաջ վարչապետի մոտ խորհրդակցություն տեղի ունեցավ, որին հաջորդեցին բարձրաստիճան 2 զինվորականի պաշտոնանկությունները. արդյո՞ք դա հարցի լուծում է, թե՞ ավելի համակարգային մոտեցում և լուծում է անհրաժեշտ: Հարցին քաղաքագետը պատասխանեց. «Այդ 2 պաշտոնանկությունները մակերեսային գործողություններ են, որպեսզի հանրությանը ցույց տրվի, թե բա տեսե՛ք՝ մենք անգործ չենք. այս գեներալին հեռացրինք, այն գեներալին հեռացրինք: Պաշտոնանկությունով հարցին լուծում չի տրվում, սկզբունքային մոտեցում է պետք, իսկ սկզբունքայինը կայանում է նրանում, որ ամբողջ համակարգերը պետք է արմատապես փոխվեն, այդ դեպքում նոր ամեն ինչ կվերացվի, և պատճառներ չեն լինի, և խաղաղ պայմաններում զոհեր չենք ունենա: Դա ուղղակի մեր ազգի համար խայտառակություն է: Փոքր ազգ ենք, և մեր ամբողջ հույսն ու հավատը բանակն է»,-ընդգծեց քաղաքագետը:

Ի վերջո, քրեական ենթամշակույթ կոչվածը կամ ոչ կանոնադրային հարաբերությունները հնարավո՞ր է վերացնել բանակից, և եթե այո, ապա ինչպե՞ս: «Իհարկե հնարավոր է, մենք ունենք ԱԱԾ, բայց ցավոք իրականում, որպես գործիքաուժ, մենք չունենք այդ գործառույթն իրականացնող մարմինը, եթե ունենայինք, երկու ամսվա ընթացքում կբացահայտեին բանակ «նայողներին», քրեական ենթամշակույթ կրողներին, և միանգամից այդ հարցը կլուծվեր, բայց դա չի արվում կամ արվել»,- արձագանքեց քաղաքագետը:

Ըստ Արկադի Վարդանյանի՝ այսօրվա բանակը խորհրդային տարիների բանակի նույն շարունակությունն է, այդ ժամանակահատվածից եկող բարքերը բոլորովին չեն կասեցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր