16:36 - Տեսանյութ.Առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից. ԱՀ ՊՆ         16:30 - Տեսանյութ.Հայ երիտասարդի զվարճալի դիմակը՝ հատուկ ուտել-խմելու համար      16:02 - Խոսում են վաքսինաների մասին...մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին    

06 ապր 2020 15:26

Աշխարհն արդեն գնում է նոր սերնդի թեսթերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հոդված է պատրաստել ու տարածել, որտեղ մտահոգություն է հայտնում թեստերի քանակի վերաբերյալ.


«Աշխարհի բոլոր երկրներում մեծ մասամբ տարվում է միասնական քաղաքականություն համաճարակի դեմ։ Քայլերը, որոնք իրականացնում են իշխանությունները, տեղավորվում են նույն տրամաբանության մեջ՝  «լոքդաուն», մեկուսացում, շփման և տեղաշարժման սահմանափակումներ, առողջապահական համակարգի մոբիլիզացում և թեսթավորում։


Այս քայլերի ամբողջականությամբ հնարավոր է դառնում  զսպել համաճարակի ծավալները և ունենալ կառավարելի վիճակ։


Բայց այս շղթայի կարևոր օղակներից որևէ մեկի խափանումը կարող է էապես նվազեցնել արդյունավետությունը, մյուս ջանքերը դարձնել անօգուտ։ Տարբեր պետություններում կարող են տապալվել տարբեր օղակներ։


Հայաստանում խիստ մտահոգիչ է թեսթավորման քանակը։ Դրանից բխում են նաև որակական ցուցանիշները՝ ինչ միջավայրում, ինչ ծավալներով, ինչ տեղեկատվություն ենք ստանում ամենօրյա թեսթերի վերլուծությունից։


Խոսենք փաստերով. ամենօրյա պաշտոնական հաղորդագրությունից մենք իմանում ենք, թե քանի նոր հիվանդ կա՝ քանի դրական թեսթ և ընդհանրապես՝ համաճարակից ի վեր, քանի՛ բացասական թեսթ է ստացվել։ Դժվար չէ մի քանի օրվա ցուցանիշները համեմատելով՝ ստանալ կարևոր մի թիվ՝ օրական արված թեսթերի քանակը։
Այսպես. 


5. 04. 2020    Հերքվել է 367, hաստատվել է 52. Ընդհանուր արվել է 419 թեսթ
4.04.2020      Հերքվել է 219, hաստատվել է 34. Ընդհանուր արվել է 253 թեսթ
03.04.2020    Հերքվել է 318, hաստատվել է 73, Ընդհանուր արվել է 391 թեսթ
2.02.2020      Հերքվել է 236,  հաստատվել է 92, Ընդհանուր արվել է 328 թեսթ
1.02.2020      Հերքվել  է 171, հաստատվել է 39. Ընդհանուր արվել է 210 թեսթ
31.03.2020    Հերքվել է 317, հաստատվել է 50. Ընդհանուր արվել է 367 թեսթ
30.03.2020    Հերքվել է 162, հաստատվել է 58. Ընդհանուր արվել է 220 թեսթ


 


Սրանք վերջին օրերի թեսթերի քանակն ու արդյունքներն են։ Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ։ Մենք չենք կարող ճիշտ որոշումներ կայացնել՝ ուժեղացնել, թե մեղմել սահմանափակումները, գտնել առողջապահության և տնտեսության կոլապսի միջև ինչ-որ բանական բալանս։ Մենք չենք կարող փաստարկված կանխատեսումներ անել, ռիսկեր հաշվել։


Դրանք շատ փոքր թվով թեսթեր են, որոնց մի մասը, ի դեպ, անց է կացվում մեկուսացվածների շրջանում, որպես կրկնակի թեսթ՝ լավացողների շրջանում։ Բայց մենք բաց ենք թողնում ընդհանուր պոպուլյացիան և իրական պատկերը չունենք առանց սիմպտոմ կամ շատ թեթև ընթացքով հիվանդների քանակի մասին, ովքեր վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրն են։
Համեմատության համար. Ադրբեջանում ապրիլի 4-ի պաշտոնական տեղեկատվությամբ մեկ օրում արվել է  3800 թեստ։  Իսկ համաճարակից ի վեր՝ մոտ 42 000:
Ստացվում է, որ Ադրբեջանում մեկ օրում արվում է ավելի շատ թեստ, քան Հայաստանում ողջ համաճարակի ընթացքում։ Սա աբսուրդ է։


Նույնիսկ, եթե համարենք, որ ադրբեջական տվյալներն ուռճացված են, միևնույն է, աշխարհում տենդենցը գնում է  հնարավորինս մեծ քանակի թեսթավորման ուղղությամբ։ Մեծ թվով թեսթավորումը չափազաց կարևոր է համաճարակի դեմ պայքարի համար։ Այս ամիսների ընթացքում նման եզրակացության է եկել աշխարհը։


Մեզ մոտ թվերը ոչ թե փոքր են, այլ թերևս կարելի է խոսել թեսթավորման համակարգի տապալման մասին։ 200-300 թեսթը Հայաստանի համար՝ համաճարակի այս փուլում, անլուրջ է։ Այն իրական տեղեկատվություն չի պարունակում։ Ինչու և ով է տապալել այդ գործը, այս պահի քննարկելու թեմա չէ։ Ժամանակը չէ, դա հետո։ Իսկ հիմա օր առաջ ցանկացած ճանապարհով պետք է թեսթեր բերել և կտրուկ մեծացնել ծավալները։ Աշխարհը արդեն գնում է նոր սերնդի թեսթերի կիրառման փուլին, մենք դեռ բավարարվում ենք մեր թվերով։ Վերահսկման նոր օրենքները, տեղաշարժման սահմանափակումները, հայ IT-ի մասնագետների նոր հավելվածները. այդ ամենը լավ է, բայց թեսթավորման համակարգը տապալելու դեպքում՝ երկրորդական»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր