Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 մայիս 2020 11:16

Մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ.Անհնար է լինելու լռեցնել մեզ. «Լուսավոր Հայաստանի» հայտարարությունը

Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված եւ որեւէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլեւ արդարացվեց, լեգիտիմացվեց եւ խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:


Հայտարարությունում նաեւ ասվում է.


«Բռնությունն արդարացվեց՝ փորձելով այն կապել ինչ-որ դավադիր «սադրանքի» հետ։ Ցավո'ք, Վարչապետը ընդդիմադիր քննադատական խոսքը բնութագրեց որպես «քստմնելի սադրանք»՝ այդկերպ խրախուսելով չհամաձայնվողներին որակել որպես սադրիչներ։


Միտումնավոր ստեղծվեց այնպիսի մի իրավիճակ, երբ բռնության զոհն է մեղավորը, այլ ոչ թե իրականացնողը։ Ավելին, սեփական սխալներն ընդունելու եւ զղջալու փոխարեն, կոչ արվեց պայքարել հորինված «սադրանքի» կազմակերպչների դեմ։


Վստահ ենք, որ բոլոր ողջախոհ մարդիկ ի վիճակի են դիտել միջադեպի տեսագրությունները եւ համապատասխան հետեւություններ անել։ Տեսնել, թե ովքեր էին սադրանքի իրական հեղինակները, ովքեր էին ընդդիմախոսներին «սրիկա» եւ «բութ» անվանողները եւ «գլուխը ցխել» ու «վիզը կտրել» սպառնացողները։


Տեղի ունեցածը փաստում է, որ ընդամենը երկու տարի պահանջվեց, որ հեղափոխական վարչապետը վերջնականապես հողին հավասարեցնի ու կազմաքանդի այդ նույն հեղափոխության հռչակած գաղափարներն, արժեքներն ու սկզբունքները։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ մանիպուլյատիվ էր եւ կեղծ՝ չհիմնված որեւէ փաստի վրա։ Նա իր եւ իր քաղաքական թիմի հասցեին հնչող քննադատությունները որակեց որպես իշխանության նկատմամբ հոգեբանական բռնություն, ավելին՝ ընդդիմախոսներին պիտակավորեց որպես «նախկինների» խորհրդարանական ներկայացուցիչներ։ Վերոհիշյալ կեղծիքի միջոցով Փաշինյանը փորձեց արդարացնել բռնությունը, քանի որ իր թիմի պատկերացրած դեգրադացված իրականության մեջ «նախկինների» նկատմամբ բռնությունը լեգիտիմ ընկալում ունի իր թիմակիցների եւ համախոհների կողմից։


Այսպիսով, Վարչապետը միտումնավոր «Լուսավոր Հայաստանին» պիտակավորում է որպես «նախկինների» ներկայացուցիչ, որպեսզի իր պատգամավորների խուլիգանական վարքագիծն արդարացվի իր համակիրների աչքերում։


Ավելին, իմքայլականներն իրենց բոլոր ընդդիմախոսներին եւ քննադատներին ներկայացնում են որպես ժողովրդի եւ պետության թշնամիներ, հակապետական տարրեր, որոնց նկատմամբ հաշվեհարդարն արդեն, իսկ «լեգիտիմացված» է։


Սույն միջադեպը եւ դրան հաջորդած մեկնաբանությունները վառ վկայությունն են կառավարող թիմի անհանդուրժողականության եւ քաղաքական անհասունության։ Նրանք առաջնային պլան են մղել իրենց անսխալականության եւ անպատժելիության արատավոր սկզբունքները։


Սա ամբողջատիրական մտածողության դրսեւորում է, ինչի վերջնական հանգրվանը կոշտ ավտորիտարիզմն է։  Ընդամենը երկու տարում Փաշինյանը հեղափոխության առաջնորդից վերածվեց միայն իր կուսակցականների եւ իրեն սատարող ֆեյսբուքյան փոքրաթիվ խմբակների վարչապետի։ Հանրային ներուժը համախմբելու եւ ի շահ երկրի ծառայեցնելու փոխարեն,  նա պառակտում եւ ծվեն-ծվեն է անում ռեսուրսները. «մոդելավորում»  հասարակությանը տարբեր շերտերի, պիտակավորում քաղաքացիներին  հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սեւերի եւ սպիտակների, հերոսների եւ դավաճանների։  Այս մոտեցումը չափազանց վտանգավոր ական է Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերում:


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, նոր որակի քաղաքականություն կառուցելու իր սկզբունքներին, դատապարտում է կատարվածը։ Պետականաշինության ճանապարհին անհնար է լինելու լռեցնել մեզ եւ կանգնեցնել՝ նույնիսկ բռնի ուժ գործադրելով։


Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր մարտահրավերներին՝ հանուն վաղվա ժողովրդավար, հզոր, առաջադեմ, մրցունակ ու լուսավոր Հայաստանի Հանրապետության, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր