Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ, կապված իր աշխատանքային գործունեության հետ, նույն օրը Բաղրամյան պողոտայում անհայտ անձը հեծանիվով փորձել է իրեն վրաերթի ենթարկել, ինչից հետո իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են այդ անձի ինքնությունը, որը մայիսի 12-ին Հրազդանի կիրճում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Էջմիածնի բնակիչ, 40-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։ Կատարվում է նախաքննություն։
Իր հերթին դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածը «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանն է: Նրանք ակցիա են իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:
ԱԺ նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: