Եթե նույնիսկ պատգամավորների գերակշիռ մասը վարակված լինեն, իսկ ես դեռ ոչ, կգամ, կքվեարկեմ

«Աստված մի արասցե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի և ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր են, կարծում եմ, որ մենք այնուամենայնիվ, լինելով ՀՀ ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե ՀՀ-ում օրենք կա, որոշում կա, որն օրհասական է և պետք է ընդունվի։ Ես օրինակ, եթե իմանամ, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, ես այնումամենայնիվ, կգամ, դա մեր պարտականությունն է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը նաև հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցել է 2 պատգամավոր, որոնց մոտ արդեն եղել է կորոնավիրուսային հիվանդություն։
Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների մոտ կորոնավիրուս հաստատվելուց հետո, ինչո՞ւ է այսօր գրեթե ամբողջ խմբակցությունը եկել նիստի և արդյոք չպե՞տք է մեկուսանային կոնտակտավորները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բազմաթիվ պատգամավորներ, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ իրենք հանձնել են թեստը և իրենց մոտ բացասական արդյունք է եղել։ Օրինակ, տիկին Մակունցը նույնպես հանձնել է թեստ և բացասական է եղել պատասխանը»։