Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուլ 2020 15:53

Տեսանյութ.Սա զանգվածային հայկական կոտորած է.Ավինյանը միայն հոր բիզնեսներն է առաջ տանում, առանց մրցույթի թեստ են արտադրում

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ոչ թե հեղափոխության, այլ հեղաշրջման արդյունքում. հեղափոխությունն արժեքների փոփոխություն է, իսկ կառավարման այսօրվա որակը վտանգավոր է, երկիրն օրեցօր հետ է գնում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:


«Ի դեմս վարչապետի, պարետի և առողջապահության խայտառակ նախարարի՝ երկրում անհաջող կառավարում է իրականացվում: Համավարակը մոտ 5-6 տարի էլ դեռ մնալու է, ձմռանն այն նորից կվերականգնվի: Հայաստանում արվել է շատ թույլ լոքդաուն, կարանտին ընդհանրապես չի եղել: Փողը պետք է վճարեինք միայն հեռախոսով, անձնական շփումներից շատ ավելի՝ այսօր փողն է վարակը տարածում: Երևանում որևէ փողոց չի լվացվում»,- ասել է նախկին վարչապետը:


Ըստ Բագրատյանի՝ միայն դիմակ դնելով՝ վարակի տարածումը չի կանխվում, և կարելի է նույնիսկ մտածել, թե դիմակների բիզնեսից իշխանությունը շահ ունի. «Այսօր Հայաստանում կա 700 հազար վարակակիր: Մեր վարակվածությունը շատ ավելի բարձր է, քան կարանտին չհայտարարած երկրներինը, օրինակ՝ Շվեդիայինը: Մեր երկիրը ցանկապատել են, աստիճանաբար այն մեռելածին վիճակ է ստանում: Եթե անգամ բոլորն էլ վարակվեն, դա ոչինչ չի նշանակում, քանի որ հիվանդանում են նաև մեկ անգամ վարակված-բուժվածները, հակամարմին գոյանում է փոքր տոկոսի մոտ: Ապացուցված է, որ վարակից հետո առողջական խնդիրներ են առաջանում՝ դիաբետ, սրտանոթային խնդիրներ»:

Նախկին վարչապետի կարծիքով՝ արտակարգ դրության երկարաձգման անհրաժեշտություն չկա, առանց դրա էլ կարելի է վերահսկել իրավիճակը. «Արտակարգ դրության նպատակը հավաքների արգելումն է: Եթե ժողովուրդն ուզում է իրական հեղափոխություն անել, թող իր ժողովրդավարական ազատությունները հետ պահանջի: Փաշինյանը պոպուլիստ է, և այդ պատճառով մեր պայքարը տապալված է, մեզ մոտ փորձում են առիթն օգտագործել և դիկտատորական ուղով գնալ: Պարետ Ավինյանը միայն հոր բիզնեսներն է առաջ տանում, առանց մրցույթի թեստ են արտադրում և դիմակներ գնում»:


Հրանտ Բագրատյանի պնդմամբ՝ համավարակը կհանգեցնի զանգվածային հայկական կոտորածի, մահերի իրական թիվն արդեն գերազանցել է հազարը, և հարյուրավոր մահեր չեն գրանցվել. «Սա ցեղասպանություն է: Եթե համաշխարհային միջին ցուցանիշով վարակվեինք, պիտի 5000 հիվանդ ունենայինք, բայց ունենք 30 հազար: Փաշինյանը մտածում է ապագա դատի մասին, որն անխուսափելիորեն լինելու է, 20-30 տարով նստելու են»:


Նախկին վարչապետի պնդմամբ՝ այսօր Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ. անհասկանալի էր, օրինակ, վարչապետի այցի չեղարկումը Մոսկվա՝ Մեծ հաղթանակի զորահանդեսին: «Ամենուրեք փորձում են ռուսների ոտքը կտրել, մեր երկրի ղեկավարը չի կարողանում կապվել Պուտինի հետ: Շատ իշխանավորներ հանդես են գալիս հակառուսական հայտարարություններով: Փաշինյանը միայն մտածում է, թե ինչպես համավարակն օգտագործի անձնական իշխանության ուժեղացման համար»,- ամփոփել է նախկին վարչապետը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր