Նոյեմբերի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Քրեական վարույթի շրջանակում որոնվում են տեսագրությունում պատկերված անձինք       Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել    

05 օգոս 2020 10:17

Աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնում Լիբանանին

Նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո աշխարհի բազում երկրների առաջնորդներ իրենց աջակցությունն են հայտնել Լիբանանին՝ առաջարկելով օգնություն։ Ըստ նախնական վարկածի պայթյունի պատճառ է դարձել նավահանգստին մոտ պահեստավորված մի քանի տոննա ամոնիումի նիտրատը։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ից ավելի է։


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն, որ կարող էր օգնել Բեյրութին:


«Բեյրութից նկարներն ու տեսանյութերը ցնցող են։ Իմ մտքերն ու աղոթքները այս սարսափելի միջադեպի մեջ հայտնվածների հետ են», - գրել է Ջոնսոնը։


Իրանը պատրաստ է օգնել Լիբանանին, թվիթերում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։


«Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի մեծ ու դիմացկուն ժողովրդի հետ են: Ինչպես միշտ, Իրանը պատրաստ է ցանկացած անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել: Մնա ուժեղ, Լիբանան», - գրել է Զարիֆը:


Իսրայելը մարդասիրական օգնություն է առաջարկում


Իսրայելն ասում է, որ Լիբանանին մարդասիրական օգնություն է առաջարկել օտարերկրյա ուղիներով, քանի որ երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն:


«Պաշտպանության նախարար Բենի Գանցի և արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի գլխավորությամբ Իսրայելը միջազգային պաշտպանական և դիվանագիտական ուղիներով Լիբանանի կառավարությանը մարդասիրական օգնություն է առաջարկել», - ասված է համատեղ հայտարարության մեջ:


Թրամփն ասում է, որ պայթյունը «սարսափելի հարձակման է նման»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բեյրութը ցնցած հսկայական պայթյունը նման է «սարսափելի գրոհի»:


«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Լիբանանի ժողովրդի հետ, և մենք այնտեղ կլինենք օգնելու համար: Դա կարծես սարսափելի գրոհ լինի», - ասել է Թրամփը Սպիտակ տան լրագրողներին:


«Ես հանդիպել եմ մեր մի քանի հիանալի գեներալների հետ, և նրանք, կարծես, զգում են, որ սա ոչ թե ինչ-որ մի արտադրական պայթյուն է, այլ հարձակում: Դա ինչ-որ տեսակի ռումբ էր»,-ասել է Թրամփը, սակայն ասվածի համար ոչ մի ապացույց չի ներկայացրել։


Սաուդյան Արաբիան մեծ անհանգստությամբ է հետևել Բեյրութի պայթյունին։ Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մեծ մտահոգությամբ հետևում է Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքներին:


Հայտարարության մեջ ասվում է, որ թագավորությունն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում լիբանանյան ժողովրդին:


Ֆրանսիան Լիբանան օգնություն ուղարկելու գործընթացում է


Ֆրանսիան Լիբանան օգնություն ուղարկելու գործընթացում է, ասել է նախագահ Էմանուել Մակրոնը:


«Ֆրանսիան կողք-կողքի կանգնած է Լիբանանի հետ: Միշտ։ Ֆրանսիայի օգնությունն ու ռեսուրսները ներկայումս ճանապարհին են», - գրել է Մակրոնը:


Մակրոնի գրասենյակից հայտնել են, որ նա նաև զանգահարել է Լիբանանի նախագահ Միշել Աունին՝ արտահայտելու Ֆրանսիայի աջակցությունը լիբանանյան ժողովրդին:


Թուրքիայի նախագահ Էրդողանը օգնություն է առաջարկում


Էրդողանը զրուցել է իր լիբանանյան գործընկեր Միշել Աունի հետ և ասել, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնություն ցուցաբերել:


Կատարը դաշտային հիվանդանոցներ կուղարկի բժշկական արձագանքմանն աջակցելու համար։ 


Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս իր աջակցությունն է հայտնել Լիբանանին, հեռախոսազրույց ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր