Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու.2 հայ սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին

ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Ինտերպոլի ուղիներով այս պահին որևէ հետախուզում չի իրականացվում:
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից հայ սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելու նպատակները հեռահար են:
Ըստ նրա, Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու՝ կիրառելով թուրքական փորձը:
«Սկզբում հայտարարում է ահաբեկչության մասին, մեղադրանքներ է առաջադրում, հետախուզում է հայտարարում, այնուհետև սկսում է ռազմական գործողություններ: Ռազմական գործողությունները սկսում է արդարացնել հետևյալ տրամաբանությամբ, որ տվյալ երկիրը կամ տվյալ երկրի քաղաքացին ահաբեկչական գործողություն է նպատակադրել, և իրենք հենց դրա համար են սկսում իրականացնել ռազմական գործողություններ, որի անունը դնում են հակաահաբեկչական գործողություններ:
Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կրկնում է այն սցենարները, որոնք Թուրքիան է օգտագործում հարևան պետությունների դեպքում: Թուրքիան իրաքյան Քրդստանում և Թուրքիայի քրդաբնակ շրջաններում օգտագործեց հարվածային ԱԹՍ-ներ, և հենց 2016թ. ապրիլյան պատերազմում Ադրբեջանը կրկնեց Թուրքիայի փորձը՝ օգտագործելով հարվածային ԱԹՍ-ներ»,- ասում է Կ. Հովհաննիսյանը:
Թուրքագետի համոզմամբ, Ադրբեջանը մի կարևոր բան հաշվի չի առել և հաշվի չի նստում դրա հետ.
«Եթե Թուրքիան այդ փորձը օգտագործում է քրդական գործոնի դեպքում (քրդերը չունեն ռազմական միավոր և պետականություն), ապա Հայաստանի դեպքում լրիվ այլ հարց է:
Հայաստանի ռազմական միավորը՝ կանոնավոր բանակը, և Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, և Ադրբեջանը այս հանգամանքը հաշվի չի առել:
Եթե Ադրբեջանը փորձի գնալ արկածախնդրության, ստանալու է այն հարվածը, որը ստացավ հուլիսին՝ տավուշյան հատվածում»:
Հովհաննիսյանի խոսքերով՝ Ադրբեջանի ոտնձգությունների, սադրանքների նկատմամբ միջազգային կազմակերպությունների լռությունը կանաչ լույս է այդ երկրի համար: Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն և որպես համաձայնության նշան:
«Միջազգային կազմակերպությունների ոչ միայն լռությունը, այլ նաև որոշ դեպքերում անհասցե հայտարարությունները, որով հակամարտող կողմերին կոչ են անում զսպվածություն դրսևորել, ևս նպաստում են, որպեսզի Ադրբեջանը իրականացնի սադրիչ գործողություններ:
Եթե այդ հայտարարությունները լինեն հասցեական, ապա դա կլինի զսպող գործիք և գործոն Ադրբեջանի համար, և չի սանձազերծի այնպիսի գործողություններ, որոնք իրենց մեջ պարունակում են սադրանք»,- շարունակեց քրդագետը:
Հովհաննիսյանը շեշտում է, որ պետք է անընդհատ միջազգային կառույցներին հորդորել, հայտարարություններով ստիպել, որպեսզի հանդես գան հասցեական հայտարարություններով:
«Եթե հայկական կողմն է խախտում որևէ բան, թող հայկական կողմի հասցեին հնչեցվի հայտարարությունը, Ադրբեջանը կխախտի, թող Ադրբեջանի հասցեին հնչեցվի, որովհետև անհասցե հայտարարությունները տանում են ռազմական բախման:
Հենց այստեղ է, որ ԱԳՆ-ն իր հայտարարություններով պետք է անընդհատ ամենշաբաթյա ռեժիմով միջազգային կառույցներին հորդորի, որպեսզի հանդես գան հայտարարություններով:
Պաշտպանության նախարարությունն իր գործառույթը իրականացնում է բավականին լավ, կարող եմ ասել գերազանց. ամբողջ սահմանագծում իրականացնում է լիակատար վերահսկողություն և ցանկացած սադրանքին կարող է արձագանքել»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը: