Տեսանյութ.Վազգեն Սարգսյան փողոցից ոստիկանները քիչ առաջ կասկածելի վարքագծով անձի տեղափոխեցին բաժին

Ոստիկաններին ահազանգել է տարածքում գործող սրճարաններից մեկի մենեջերը: Նույն սրճարանի հաճախորդներից մեկը, ով ականատես է եղել դեպքին, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ այդ անձը նստած է եղել սրճարանում, զրուցել սրճարանի աշխատակցուհու հետ, սմարթֆոնով լուսանկարվել, այնուհետեւ թողնելով իր ուսապարկը՝ շտապ հեռացել է դեպի նախարարության շենք, ապա՝ վերադարձել: Նշենք, որ այդ հատվածում են գտնվում Արտաքին գործերի եւ ԿԳՄՍ նախարարությունները:
Ականտեսի խոսքով՝ այդ անձի վարքագիծն իրեն տարօրինակ է թվացել, այդ իսկ պատճառով հետեւել է նրան. ըստ ականատեսի՝ նա դողալիս է եղել, կարծես վախեցած լիներ:
Նախնական զննությամբ՝ ուսապարկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. եղել են միայն փաստաթղթեր:
Ճանապարհային ոստիկանության փոխգնդադեպ Էվինյանը մեր հարցին ի պատասխան նշեց՝ այդ անձը ոստիկաններին տեղեկացրել է, որ իր ծնողները Թուրքիայից են, իսկ ինքը՝ Նիդեռլանդներից. նրա ձեռքին էր նաեւ Նիդեռլանդների Թագավորության անձնագիրը, որի համաձայն՝ նրա ազգանունը Քաբաքյան է:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ այդ անձը, սակայն, արտաքնապես հայի տպավորություն չի թողել, խոսել է անգլերենով:
Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ անձը ոստիկանություն է տարվել ինքնությունը ճշտելու նպատակով: