ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

30 օգոս 2016 19:00

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին չեն վիրահատում, խցում հակասանիտարահիգիենիկ պայմաններ են. Տեսանյութ

Օգոստոսի 30-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն էին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպաններ՝ Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը և քույրը՝ Թամարա Հարությունյանը: Նրանք խոսեցին Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի և այն պայմանների մասին որում նա գտնվում է: 
Փաստաբաններն ահազանգում են,  որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը ծանր է, և եթե այսպես շարունակվի, ապա Հովհաննեսը դժվար  ապաքինվի: Հուլիսի 26-ից մինչ օրս Հովհաննես Հարությունյանը որևէ վիրահատություն չի ենթարկվել: Նա նաև զրկված է մշտական բուժհսկողությունից: Հովհաննես Հարությունյանի երկու փաստաբաններն էլ պնդում են, որ նրան շտապ վիրահատություն է պետք: «Հուլիսի 26-ից սկսած, դեռ նրան ոչ մի անգամ չեն վիրահատել, անընդհատ ասում են ժամանակը չի, բայց այդպես չի կարող շարունակվել, նրա վիճակը գնալով վատանում է»,-ասաց պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես Հարությունյանին հսկել են զինված ոստիկաններ: Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հարությունյանը կալանավորված չի եղել և զինված ոստիկանների առկայությունը որևէ կերպ չի կարող բացատրվել. «Վերակենդանացման բաժանմունքի բուժքույրը հորդորել է զինված ոստիկանին դուրս գալ՝ նշելով, որ նա ստերիլ չէ, Հովհաննեսն է պատմում ինձ, զինված ոստիկանը դուրս չի եկել: Հովհաննեսն ինքն է հորդորել, որ դուրս գա, փոխարենը զինված ոստիկանը Հովհաննեսին ասել է՝ «հեսա կթքեմ վրադ»: Նույն այդ ոստիկանը «Դատապարտյալների հիվանդանոց ուղեկցողների թվում է եղել: Հովհաննես Հարությունյանի խոսքերով՝ իրեն սպանելով են տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց. նրան տարել շպրտել են մի խուց, որտեղ պարզապես անմարդկային պայմաններ էին»: 
Հայարփի Սարգսյանը Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում Հովհաննես Հարությունյանի խուցը համեմատում է քարանձավի հետ. «Խուցը բորբոսնած պատերով էր,  քարանձավ կարծես լիներ՝ լուսավորություն չկար, օդ չկար շնչելու, երևի թե սխալ է քարանձավ անվանելը. քարանձավն ավելի մաքուր է, քան այդ խուցն էր, դա ընդհանրապես հիվանդասենյակ չէր հիշեցնում: Հովհաննես Հարությունյանը պառկած էր ցանցով մահճակալի վրա և կորացած էր դեպի ներքև՝ նրան հարթ մակերեսով մահճակալ էր պետք, բայց դա էլ ապահովված չէր, բռնվելու հարմարանք չկար: Բացի դա՝ խավարասերներ էին վխտում: Ինքս եմ տեսել թե ինչպես էին վերքերի վրա խավարասերներ վազվզում: Նա հյուծված էր, ինքնուրույն չէր կարող նստել, ձեռքը չէր հասնում վերքին և այդպես տեսնում էր, թե ինչպես են միջատները իր վերքի վրա վազվզում»: Հայարփի Սարգսյանի խոսքերով՝ այդ վատ վիճակը շարունակվել է մինչև հուլիսի 30-ը. «Աղմուկ բարձրացրեցինք, նրան նոր սենյակ տեղափոխեցին, և այն պայմանները, որում նա գտնվում է, էականորեն չեն տարբերվում, ուղղակի պատերն են ներկվել, մահճակալն է նոր, էլի բռնվելու տեղ չկա, վիրավոր ոտքի վրա ուժ է գործադրում, որպեսզի կարողանա նստել: Միջատներ կան, հակասանիտարահիգիենիկ պայմաններ են, նա իր բնական կարիքները հոգում է հիվանդասենյակում և քանի որ չի կարողանում շարժվել, դա ժամերով մնում է հիվանդասենյակում այս շոգ պայմաններում: Իսկ բուժօգնությունը Հովհաննես Հարությունյանն ստանում է մի քանի օրը մեկ անգամ և անորոշ է, թե երբ պետք է տեղի ունենա նրա վիրահատությունը. «Երեկ Հովհաննես Հարությունյանը ընկել է. նա փորձել է հենակներից օգտվել, քանի որ այդ պայմաններին չի դիմանում, սակայն, ընկել է, քանի որ իր կողքին բժիշկ չի եղել: Հիմա Հովհաննես Հարությունյանը լուրջ բուժօգնության կարիք ունի»: 
Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ պատմեց, որ նրա այցելության ժամանակ Հովհաննես Հարությունյանի անկողինը արյունոտ է եղել, իսկ սպիտակեղենը՝ կեղտից սևացած. «Երեք օր չի փոխվել նրա անկողինը: Բացի այդ, Հովհաննես Հարությունյանը նաև բնական կարիքները հոգալ չի կարողանում ինքնուրույն, նա  երկու ժամ սպասում է,  որպեսզի սանիտարը գա, նրանք չէին մոտենում, մարդու աչքերից երևում էր, որ նա այլևս չի դիմանում, դա նվաստացուցիչ է»:
Նա նաև փաստեց, որ ծանր վիճակում գտնվող Հովհաննեսին բուժօգնություն են ցույց տալիս ոչ պրոֆեսիոնալներ. «Իմ ներկայությամբ բուժքույրը սիստեմա էր միացնում, չէր կարողանում միացնել ու ասում էր` ես հոգեբանական բաժանմունքից եմ, կյանքում առաջին անգամ եմ միացնում սիստեմա, դրա համար էլ չի ստացվում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր