Իշխանությունը պետք է բացատրի՝ ինչ նկատի ունի՝ ասելով՝ հաղթելու ենք.Մեր բանակցային առավելությունն այն էր, որ ունեինք տարածքներ

«Հավանականությունը, որ մարտական գործողություն կլինի, 90 տոկոս է, և վերջին մոտ 27 տարին մենք ապրել ենք այդ տրամաբանությամբ: Եթե մարտական գործողություններով մենք առավելություն չենք արձանագրում, բանակցային սեղանի շուրջ գտնվելու ենք անբարենպաստ պայմաններում, ինչպես այսօր ենք գտնվում»,-ասել է նա՝ նշելով, թե լուծման երեք ճանապարհ կա, որոնցից առաջինը՝ քաղաքական ճանապարհ՝ գնալ ինչ-որ թուղթ ստորագրելու:
Երկրորդ ճանապարհը, ըստ Մարուքյանի, այս ձևով շարունակել պատերազմը: «Բայց շարունակելով պատերազմել այս ձևով, եթե նրանք անընդհատ ունեն հաջողություններ, ստացվում է, որ այն, ինչ թղթով պետք է ստորագրես, հանձնես, իրենք գրավելով գալիս են: Այսինքն՝ մարտի դաշտում կորցնում ես բանակցային առավելությունը: Մեր բանակցային առավելությունն այն էր, որ ունեինք տարածքներ, և խոսվում էր, որ փոխզիջումներ կլինեն՝ դրանց դիմաց ինչ-որ բան ստանալու: Այսօր այդ տարածքների դիմաց մենք ոչինչ չենք ստանալու, որովհետև իրենք այդ տարածքները ռազմական ուժով փորձում են գրավել, հետևաբար բանակցային սեղանի վրա մեր ունեցած այդ առավելությունը գնալով նվազում և կորչում է»,-նշել է նա:
Երրորդ տարբերակը, Մարուքյանի խոսքով, պատերազմում բեկում մտցնելով՝ նախկին բնագծերին հասնելն ու հրադադար և բանակցություն պարտադրելն է: «Արդեն 40 օր է, այս մասով չունենք հաջողություններ. մեզ օդ ու ջրի պես պետք էր բեկում: Եթե լիներ հրադադար, կկարողանայինք այդ բեկումը մտցնել՝ վերախմբավորվել, բայց թշնամին էլ է դա հասկանում, և հրադադար չի լինում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է բացատրի՝ ինչ նկատի ունի՝ ասելով՝ հաղթելու ենք: «Ամեն օր պատերազմող հասարակությունը պետք է իմանա՝ երբ ասվում է «հաղթանակ», դա ո՞րն է, որ մենք շարունակենք գնալ դրան»,-ասել է նա:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է պետք ակնկալել ՌԴ-ից, Մարուքյանը պատասխանել է. «Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է, որ 2000 վարձկան-ահաբեկիչներ են կռվում այստեղ, Ռուսաստանը բացեիբաց հարվածում է Սիրիայում այդ վարձկանների ճամբարներին. Ռուսաստանը լեգիտիմ իրավունք ունի այդ նույն վարձկաններին հարվածել նաև ԼՂ-ի վրա հարձակվելիս: Ես ակնկալում եմ, որ Ռուսաստանը հարված հասցնի իր նշած 2000 ահաբեկիչներին, վարձկաններին, որոնք Թուրքիայի կողմից տարվել են Ադրբեջան և հարձակվում են մեզ վրա արդեն Շուշիի մոտակայքում»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե պատերազմի մեկնարկին Մարուքյանը հայտարարել է, որ պետք է ճանաչել Արցախի անկախությունը, և հարցին՝ այդ պնդումն ուժի մե՞ջ է, ԼՀԿ ղեկավարն արձագանքել է, որ հայկական կողմը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ստանձնել է պարտավորություն, որ շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, հետևաբար հիմա Արցախի ճանաչումը կքանդի այդ խումբը:
«Եթե Արցախի անկախությունը կճանաչի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից որևէ մեկը, բնականաբար դա պետք է: Եթե պետք է ճանաչի միայն Հայաստանն ու մնա միայնակ այդ ճանաչման հետ, մեզ համար որևէ բան չի փոխվելու դեպի լավը, հետևաբար դեռ նման բան անելու կարիք չկա»,-ասել է նա:
Պատգամավորն անդրադարձել է նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարներին՝ նշելով, որ եթե ՀՆԱ-ն չի աճում, երկիրը խոր ճգնաժամի մեջ է, կորոնավիրուս է, պատերազմ է, ապա պարգևավճարի մասին խոսելը պարզապես աբսուրդ է: «Բյուջեի նախագծին, կարծում եմ, դժվար թե կողմ քվեարկենք, բայց եթե անգամ ամեն ինչ լավ լինի, միայն պարգևավճարների համակարգը պահպանված լինի, դա միայն բավարար է, որ մենք դեմ քվեարկենք»,-նշել է Էդմոն Մարուքյանը: