Տեսանյութ.Մեղրին կարող է Հադրութի ճակատագիրն ունենալ, չենք ուզում գաղթական դառնալ, վիճակը շատ լուրջ է․ համայնքապետ
«Մեր պարտությունը չի ավարտվում, նոյեմբերի 9-ի հետ համեմատած իրավիճակն ավելի է վատանում։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ ամեն օր ականատեսն եմ դրա։ Ղեկավարության մեղքով ադրբեջանցիները նստել են Մեղրու սահմանագծին։ Էլի ղեկավարության մեղքով, քանի որ մեր տղերքը ղեկավարության հրամանով իջել են Նռնաձորի դիրքերից»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։Քաղաքապետն ընդգծում է՝ Կապան-Գորիս հատվածի խնդիրները նույն Մեղրիի խնդիրներն են, քանի որ Մեղրի տանող միակ ճանապարհն անցնում է այնտեղով։
Ըստ Մ. Զաքարյանի՝ Սյունիքը միշտ եղել է պետականամետ։ Բացի Սյունիքի բնակչության 1.4 տոկոսն ունեցող փոքրիկ Գորայքի ղեկավարից, հիմա բոլոր համայնքապետերն ու ավագանիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Զաքարյանն ասում է, արտահայտում են մարզի բնակչության գերակշռող մասի կարծիքը։
«Մենք սահմանին ապրող ժողովուրդ ենք, մեզ պետք է ոչ թե հարցերի տակից դուրս գալ, պատասխանել, այլ խնդիրների իրական լուծում։ Մենք սահմանգծման ժամանակ չենք տեսնում հայկական կողմի ներկայացուցիչներին, միայն գյուղապետերն են ու բնակիչները։ Դա ճիշտ չէ։ Իրավիճակը շատ լուրջ է։ Պատրաստ էի հարմարվել և սպասել մինչև սթափության ժամանակաշրջանը գար: Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ։ Ես հեղափոխություններին դեմ եմ։ Բայց Հադրութի օրինակը մենք ունենք, մենք մեզ ասոցացնում ենք Հադրութի հետ, չենք ուզում գաղթական դառնալ։ Եթե իրադաձություններն այսպես են գնալու, Մեղրիին սպասվում է նույնը, ու ոչ միայն Մեղրիին»,- ասում է նա։
Խոսելով նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի մասին՝ Զաքարյանը նշել է. «Մենք սահմանում ապրող ժողովուրդ ենք, ու մեր խնդիրները պետք է լուծվեն։ Գնացել էինք, որ Սյունիքի սահմանագլխին մեր հարցերը տային, նրա պատասխանները լսեինք։ Տասներկու ավտոբուս ոստիկանության զորքեր էր բերվել, մարտական տրամադրվածությամբ եկել էին, ու չստացվեց Սյունիքի դարպասների մոտ մեր դիմավորելը, Տաթևի խաչմերուկում կազմակերպեցինք մեր ակցիան»,-ասաց քաղաքապետը։
«Իմ քայլի» խմբակցության ղեկավարի հայտարարությունը ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։
«Մեզանից լավ ոչ մեկ միջպետական ճանապարհի նշանակությունը չգիտի, իսկ ասողից շատ, երևի ոչ մեկ ճանապարհ փակած չկա»,-արձագանքեց Մեղրիի քաղաքապետը՝ ավելացնելով, որ Մեղրի բնակչության հիմնական մասը, որոնք ակտիվորեն մասնակցել են Մեղրիի պաշտպանությանը, բանիմաց են, աշխատող, դեմ են Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։