Մենք մեր սև օրվա գումարը մսխեցինք 2-3 ամսվա ընթացքում,կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, հիմա մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում

«Մեծ վնաս կրեց մեր ծառայության, առևտրի ոլորտը, լոքդաունը նաև ամբողջ տնտեսությունն անջատեց, ինչի արդյունքում ունեցանք կորուստ հենց առաջարկի տեսանկյունից, արտադրությունը կանգնեց, նաև մարդկանց խնայողությունների և եկամուտների նվազում ունեցանք: Սա երկարաժամկետ խնդիրներ է ստեղծել մեր տնտեսության համար: Ցավոք, այս կառավարությունը կարծում էր, որ կորոնավիրուսի բացասական հետևանքները տևելու են 1-2 ամիս, և նրանց ծրագրերը 1-2 ամսվա էին, նրանք մեծ քանակությամբ գումարներ բաշխեցին՝ նպաստների և այլ ձևով, առատ խոստումներ տվեցին, պոպուլիստական հայտարարություններ եղան կոմունալների մասին և տարբեր ուղղություններով: Մենք մեր սև օրվա գումարը մսխեցինք 2-3 ամսվա ընթացքում, երբ այդ գումարի կարիքն ունենք հենց հիմա: Սա սխալ բիզնես ֆինանսական քաղաքականության օրինակ է, որ դու քո գումարը ոչ թե պլանավորում ես ճգնաժամը հաղթահարելու ամբողջ ժամանակահատվածի, այլ ընդամենը 1-2 ամսվա համար: Նրանք 2-3 ամսվա ընթացքում այդ գումարը ծախսեցին, փոշիացրին, հիմա կարիքը կա, չգիտենք՝ որտեղի՞ց ենք ճարելու»,- ասաց Պարսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ-ին վարկ տվող կազմակերպությունները, երկրները հիմա մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում:
«Դրանցից մեկը հենց առողջապահության և կրթության ոլորտների լրացուցիչ հարկումն է, պահանջում են, որ այդ ոլորտները ևս հարկվի, ու դրա արդյունքում պետական բյուջե լրացուցիչ 100 մլն դոլար կգա: Կառավարության այն մոտեցումը, որ այդ 100 մլն դոլարի մի մասը կտան կրթությանը կամ առողջապահությանը, ընդհանուր առմամբ ազնիվ չէ, անկեղծ չեն նրանք: Սոցիալապես խոցելի խմբերից հավաքում են այդ գումարը, և դրա մի մասը, հնարավոր է՝ վերադարձնեն այդ խմբերին: Մեծ էֆեկտ չի կարողանալու ապահովել: Դարձյալ ունենալու ենք գների աճ, ծառայությունների աճ, և սրանից մեր հասարակությունը տուժելու է՝ հատկապես միջին և աղքատ խավը»,- ասաց Պարսյանը: