Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 հուն 2021 21:30

Լավ հրամանատարը զինվորի ոգին է. Կարեն Գրիգորյան

Հայրենասերի ոգով ու անմնացորդ նվիրումով է տարիներ շարունակ իր առաքելությունը կատարել և կատարում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը։ Հիրավի, միայն իրապես հայրենասեր մարդը չի սիրում իր մասին խոսել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, փոխարենը՝ իր կատարած աշխատանքով է դառնում հայրենասիրության կրողն ու հայրենիքը սրտում պահողի լավագույն օրինակը։ Հենց այդպիսիններից է գնդապետը՝ մարդ, ում համար հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը, անփոխարինելի արժեքներ են, ով հայրենիքի հզոր լինելու առհավատչյան տեսնում է միմիայն հայրենիքին անմնացորդ նվիրումի մեջ։ «Որքան անսահման է մարդու երևակայությունը, այդքան էլ անսահման է իմ սերը դեպի հայրենիքը»,- վստահեցնում է հայրենիքին Նժդեհի աչքերով նայող Կարեն Գրիգորյանը։ Եվ իրոք, փայլուն հրամանատարն ու խելահեղ մարտիկն իր գործով է բազմիցս ապացուցել իր խոսքերի ճշմարտացիությունը։ Արցախյան երեք  պատերազմներին էլ նա ցույց է տվել իր խիզախությունն ու մարտական վարպետությունը։

Կարեն Գրիգորյանը ծնվել է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Արմատներով հողին, հայրենիքին կառչած երիտասարդի արյան հետ հայրենասիրություն էր հոսում, նա երազում էր լավ մասնագետ դառնալու մասին, բայց և քաջ գիտակցում էր՝ արցախցին ինչ մասնագետ էլ դառնա, զինվորական լինելը առաջին տեղում պետք է լինի: 1990 թվականին գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Կ. Գրիգորյանն ընդունվում է Երևանի պետական համալսարան։ Սակայն, սկսվում է Արցախյան առաջին պատերազմը, և նա, ուսումը կիսատ թողնելով, շտապում է Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը։ Կարեն Գրիգորյանը ՀՀ և ԱՀ հերոս Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ մասնակցում է Արցախի գրեթե բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994 թվականից զբաղեցնում է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։ Նվիրված աշխատանքը միշտ էլ տալիս է էր պտուղները, գնահատվում ու արժևորվում հանրության ու պատկան մարմինների կողմից: Գնդապետ Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասը 2016 թվականին արժանանում է «ԶՈՒ լավագույն զորամաս» պատվավոր գնահատականի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը սահմանի ամբողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմագործողություն է ծավալում․սկսվում է Արցախյան երկրորդ, հետագայու քառօրյա անունը որդեգրած պատերազմը։ Գնդապետ Գրիգորյանն իր ստորաբաժանումների հետ կարողանում է ոչ միայն անառիկ պահել իր հսկողության տակ գտնվող դիրքերը, այլև մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ հետ է շպրտում ելման դիրքեր:

Անկոտրուն ոգի ունեցող Կարեն Գրիգորյանն իր քաջությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հադրութ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Մարտունի, Մարտակերտ․գնդապետ Գրիգորյանն ամենուր էր։ Նա և՛ հրամանատար էր, և՛ զինվոր։ Անուրանալի է գնդապետի ներդրումը հանուն հայրենիքի մղված պատերազմին և ի պատասխան այս ամենին՝ նրա կատարած աշխատանքները արժանավույնս գնահատվել ու գնահատվում են։Նա արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մեդալների, ինչպիսինք են «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայության» երկրորդ, «ՀՀ մարտական ծառայություն», «Արցախի հանրապետության արիություն», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աստիճանի շքանշաններով։Խոսելով զինվորների պատրաստվածության և խիզախության մասին՝ Կ. Գրիգորյանը նշում է․«Կասկած չունեի, որ հայ զինվորը և հատկապես տասնութ-քսան տարեկան մարտիկը կկարողանա պաշտպանել հայրենիքը։ 90-ականներին ես նրանց տարիքին եմ եղել, և իմ առաջ դրված խնդրից ոչ մի դեպքում հետ չեմ կանգնել»։ Որպես հրամանատար՝ վերջինս  վստահեցնում է, որ աշխարհի ոչ մի պետության զինվոր չունի հայկական բանակի զինվորի ուժն ու խիզախությունը։

Կարեն Գրիգորյանը քաջ գիտակցում է  խաղաղության արժեքը, որը սրբագործված է մեր հայրենիքի ու մեր անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների քրտինքով ու արյամբ․նա երեք պատերազմների միջով է անցել, և այդ հայորդիներից շատերն իր ընկերներն էին ու զինվորները։ «Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսները, գուցե ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց նրանք միշտ մեր սրտերում են և կլինեն։ Մենք պարտավոր ենք հիշել ու շարունակել մեր հերոսացած ընկերների գործը, սերունդներին էլ պատմել նրանց մասին ու ամեն անգամ խնկարկումով հաղթելու և խաղաղ երկինք ապահովելու երդում տալ, որ նրանց հոգիները խաղաղ հանգչեն»։
Ընտանիքը հայրենիքի սյունն է։ Ընտանիքի հանդեպ պարտականությունները սովորում ենք մեր ծնողներից, իսկ հայրենիքի հանդեպ պարտավորվածությունը հայի գեն է, որ փոխանցվում է սերնդեսերունդ, այն հայի արյան մեջ է, անփոփոխ, հարատև։ Գնդապետ Գրիգորյանն այս ամենին զուգընթաց կարողացել է ստեղծել նաև իր գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքը։ Ունի երեք երեխա՝ երկու դուստր, մեկ որդի։ Շուտով որդին կզորակոչվի բանակ: Գնդապետը միայն մեծ հպարտություն է զգում այդ փաստից։

Կարեն Գրիգորյանի ցանկություններն էլ համազգային են, հային ու հայի գենի պահպանմանը միտված. խաղաղություն։ «Թող խաղաղություն լինի, թող մեր երեխաները վերջին սերունդը լինեն, որ տեսան պատերազմը, բոլոր մանուկները թող միշտ վառ ժպտան ու անհոգ մանկություն ունենան»,- եզրափակում է գնդապետը։

Կարեն Շահմուրադի Գրիգորյան
Կարեն Շահմուրադի Գրիգորյանը ծնվել է 1978թ. հունիսի 14-ին, ԱՀ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում:1990թ. գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան:Երբ սկսել է Արցախյան առաջին պատերազմը, Կարեն Գրիգորյանը կիսատ է թողել ուսումը և վերադարձել հայրենի գյուղ:Մասնակցել է ազգային ազատագրական պայքարին:Լեգենդար հրամանատար, ՀՀ և ԱՀ հերոս Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ մասնակցել է Արցախի բոլոր շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: 1994-ից սկսած զբաղեցրել է սպայական տարբեր պաշտոններ ` դասակի հրամանատարից սկսած մինչև զորամասի հրամանատար:2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Կարեն Գրիգորյանի պաշտպանության տակ գտնվող դիրքի վրա հակառակորդը ծավալել է լայնամասշտաբ ռազմական գործողություն և նրա ճիշտ հրամանների շնորհիվ հակառակորդը կրելով մեծ կորուստներ հետ է շպրտել ելման դիրքեր:Գնդապետը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան երրորդ պատերազմին: Հադրութ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Մարտունի Մարտակերտ.  նա ամենուր էր: Գնդապետ Գրիգորյանը արժանացել է մի շարք պետական և գերատեսչական մեդալների, ինչպիսինք են «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի, «Հայրենիքին մատուցած ծառայություն», «Արցախի հանրապետության արիություն, «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Անբասիր» առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ աստիճանի շքանշաններով:
Ամուսնացած է,ունի 3 երեխա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր