18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

05 սեպ 2016 18:35

Եթե այսօր մահվան առաջնային պատճառը սրտանոթային համակարգն է՝ մոտ 20 տարի հետո կլինի տրամադրության պատճառը. Տեսանյութեր

Սեպտեմբերի 5-ին, մտային խնդիրների համաշխարհային օրվա կապակցությամբ  «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալել էր  Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանին, ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին և ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանին:
Բանախոսներն անդրադարձան օրվա խորհրդին, մեկ ամսյակի ընթացքում նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև անկախության 25 տարիների ընթացքում հայկական հոգեբուժության ձեռքբերումներին ու խնդիրներին:
ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ այսօր մարդիկ բուժում ստանալուց հետո բախվում են աշխատանքի, կրթության, սեփականության իրավունքների որտնահարման հետ. «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները մի տեսակ անուշադրության են մատնվել: Եթե մարդը ունի հոգեկան առողջական խնդիր, խարան է առաջանում և այլ վերաբերմունք է լինում հասարակության կողմից: Մեր երկրում հոգական առողջության ծառայությունները դեռ չեն հասել այն մակարդակին, որն անհրաժեշտ է: Բոլոր շրջաններում չունենք հոգեբույժներ և համապատասխան ծառայություններ»: Խաչատուր Գասպարյանը նկատեց, որ  աշխարհում որքան քաղաքակրթությունն առաջընթաց է ապրում, այնքան ինքնասպանությունները երիտասարդանում են և ավելանում են հոգեկան տարաբնույթ հիվանդությունները. «Կա մի վատ կանխատեսում, որ 21-րդ դարի 30- ականներին առաջին տեղում լինելու է դեպրեսիան և դեպրեսիայի հետ կապված հիվանդությունները: Եթե այսօր մահվան առաջնային պատճառները սրտանոթային համակարգն է, և այլ հիվանդություններ, ապա մոտ 20 տարի հետո կլինի տրամադրության պատճառը: Մարդկությունը թևակոխել է մի ժամանակաշրջան, որ մեզանում երեքից մեկն իր կյանքի ընթացքում, ուզի՝ թե չուզի, պետք է ունենա դեպրեսիվ խանգարումներ: Դեպրեսիվ խանգարումները դիտվում են տարաբնույթ տագնապային դեպրեսիայով, որն ուղեկցվում է կպչուն մտքերով»,-նշեց հոգեբանը: Մասնագետի կարծիքով՝ հոգեկան առողջության խնդիրը պետք է դիտվի որպես երկրի անվտանգության հիմնարար հարցերից մեկը:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանի գնահատականով՝ հոգեբուժական ծառայություն իրականացնող կադրերի խիստ կարիք կա, իսկ կենտրոններն էլ խիստ կարիք ունեն վերանորոգման ու վերազինման. «Դրականն այն է, որ մեր հաճախորդները ժամանակին անվճար ստանում են համապատասխան դեղամիջոցները և որ 2004 թվականին համապատասխան օրենքի ընդունմամբ մեր ծառայությունը օրինական դաշտ բերվեց: Ներկայումս Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի հիվանդներն ապահովված են ժամանակակից անվճար դեղամիջոցներով և արդեն պետպատվերի շրջանակներում «Զիպրեկսա» դեղամիջոցը հիվանդներին անվճար է տրամադրվում»: Սամվել Թորոսյանը հայտնեց նաև, որ հաշվառված հիվանդների թիվը Հայաստանում 50 հազարից ավելի է, սակայն այդ թիվը ոչինչ չի ասում, քանի որ կան խնդիրներ ունեցողներ որոնք չեն դիմում համապատասխան բուժհաստատություններ. «Դրանք այն մարդիկ են, ովքեր առնչվել են ծառայության հետ: Կան շատ մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, սակայն մեր տեսադաշտից դուրս են»:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանն էլ ասաց, որ սեպտեմբերի 5-ի՝  մտային խնդիրների համաշխարհային օրվա կապակցությամբ  միամսյակ է հայտարարվել, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսված: Անդրադառնալով հոգեբուժական ծառայություններին, նշեց, որ առողջապահության նախարարության և Բաց հասարակության հիմնադրամի միջև հուշագիր է կնքվել, ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել և կառավարություն էր ներկայացրել Հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, որը ներկայումս իրականացվում է. «Ասոցիացիան մասնակցել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի պատրաստմանը, այն հիմա պատրաստ է, ներկայացված է կառավարություն, մնում է կառավարությունը հաստատի և ներկայացնի բանկ: ՀԲ-ն պետք է հաստատի ծրագիրը և վարկը տրամադրի, քանի որ շատ լավ ծրագիր է, իսկ ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու դեպքում ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն և կունենանք բավականին լուրջ հոգեբուժական ծառայություն»: Իսկ կադրեր չլինելու պատճառն ըստ Արմեն Սողոյանի աշխատանքային ոչ այդքան բարվոք պայմաններն են. «Աշխատավարձն այդքան էլ ցածր չէ, սակայն պայմանները գրավիչ չեն երիտասարդ մասնագետների համար: Սարքավորումները, շենքային պայմանները տեսնելիս երիտասարդները չեն ուզում աշխատել»,- հավելեց բանախոսը:
Տեսանյութերը՝ aravot.am-ի 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր