Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

06 ապր 2021 13:14

Կարճ ասած՝ ինչ արել են, լավ են արել. ՔԿ-ն կարճել է գաղտնալսումների գործով պաշտոնեական լիազորությունների անցման գործով վարույթը

Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝  պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:

«ՔԿ-ն  որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել: Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձինք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել, և  քննությունը շարունակվում է»,- գրել է տելեգրամ հարթակը:
Ալիքը նաև հիշեցրել է, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են: Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն՝ ստել է արարքի հեղինակների մասով:

Թեմայի առնչությամբ 168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից ասացին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և  ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի  3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով գործի ընթացքին, ապա ըստ ՔԿ-ի տեղեկատվության՝  այդ գործի վարույթը կարճվել է:

«2018թ. սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի  և  ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործի վարույթը  04.02.2020թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է»,- ասացին ՔԿ-ից:

Այսպիսով, փաստենք, որ շարունակվում է բարձրաստիճան ներկա ու նախկին պաշտոնյաներին ձայնագրելու գործով վարույթը, որով 3-ն էլ տուժող են ճանաչվել, իսկ պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործի վարույթը  կարճվել է:

Այսինքն՝ ՔԿ-ն համարել է, որ դատավորին ցուցում տալը, քրեական գործի վարույթին միջամտելը, վարչապետի աթոռը զբաղեցնող անձին այդ մասին զեկուցելը քրեորեն պատժելի արարք չէ, կամ այդպիսին է, բայց վերոնշյալ անձանց գործողություններում այդ հանցակազմը չկա: Կարճ ասած՝ ինչ արել են, ճիշտ են արել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր