«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել          Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով       Սյունիքի դեպքերով դատարանների գնահատականների մեծ մասի հետ համաձայն չենք    

15 ապր 2021 17:08

ՀՔԾ-ն Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել է առանց որեւէ մեկից բացատրություն վերցնելու

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբանական խմբի անդամ Մարտիկ Մարտիրոսյանը։

Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմում ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Ընդ որում՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով։

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշումն ակնհայտ անհիմն է, պատրաստվում են բողոքարկել։

«Որոշումն ակնհայտ ապօրինի է։ ՀՔԾ-ն նշում է, թե Սահմանադրությամբ վարչապետն առաջարկություն ներկայացնելու իրավունք ունի, նախագահի չստորագրելու դեպքում սահմանադրական կարգավորումներն են բերում, բայց անտեսում են շատ կարևոր հանգամանք, որ կա դատարանի որոշում, որով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Սահմանադրությամբ տարբեր պետական պաշտոնատար անձանց տարբեր լիազորություններ է տրված և նշել, որ Սահմանադրությամբ իրավունք ունեին, ուրեմն՝ կարող էին, չի արդարացնում կայացրած որոշումը. «Դա նույնն է, որ ԳՇ պետին ազատած չլինեին և նոր ԳՇ պետ նշանակած լինեին»։

Ինչ վերաբերում է նյութերի նախապատրաստման ընթացքին, Մարտիրոսյանը նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումից կարող է ասել, որ նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն տվող անձ չի եղել, ինչը ևս խնդրահարույց է։
«Նյութերին չեմ ծանոթացել, միայն որոշման տեքստից կարող եմ ասել, որ որևէ մեկից բացատրություն չի վերցվել, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանից։ Փորձ էլ չի կատարվել»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ վարույթ իրականացնող մարմինն այս վարույթի ընթացքում պատշաճ չի գործել, ընդամենը հղում է տրվել այն հրապարակային տեղեկություններին, թե Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, ինչ որ մարդ նշանակված է պաշտոնում։ Փաստաբանն ընդգծեց, որ անտեսված է այն հանգամանքը, որ կա դատարանի որոշում, որով Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել։

Ինչ վերաբերում է բողոքարկմանը, փաստաբանը նշեց, որ իրավական գործընթացներով իրենց վերապահված բոլոր իրավունքները պետք է իրականացվեն, եթե իրենց վստահորդը հակառակի մասին չասի։ Փաստաբանը նշեց, որ ձգտում են, որ խնդիրը լուծվի ներպետական ատյաններում, բայց չեն բացառում նաև ՄԻԵԴ դիմելու հարցը։

«Բացառված չէ, բայց ամեն դեպքում փորձում ենք լուծում ստանալ ներպետական ատյաններում»,- նշեց փաստաբանը։

Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե Օնիկ Գասպարյանի կողմից պետական հեղաշրջման փորձ է եղել։

Այս հայտարարության կապակցությամբ հետաքրքրվեցինք փաստաբանից, թե արդյո՞ք կա որևէ քրեական վարույթ՝ հեղաշրջման փորձի վերաբերյալ, ինչին ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ իրեն նման վարույթ հայտնի չէ, իսկ եթե խոսքը գնում է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, ապա չի էլ կարծում, որ նման գործ հնարավոր կլինի հարուցել՝ անգամ այս պայմաններում, որովհետև որևէ փորձ չի եղել։ Իսկ թե արդյոք քայլեր կձեռնարկվեն՝ նշված հայտարարություններին ընթացք տալու համար, մասնավորապես՝ զրպարտության կամ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հաղորդման տեսքով, փաստաբանը նշեց, որ ցանկացած վարույթ հնարավոր է, եթե վստահորդը նման ցանկություն հայտնի և քննարկման արդյունքում կորոշվի։

«Կարծեմ՝ մամուլի հրապարակում եղավ, Օնիկ Գասպարյանը պատասխանել է, իսկ եթե ցանկություն ունենա այլ վարույթ նախաձեռնելու, պետք է քննարկվի»,- նշեց նա։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր