Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար. Մայր Աթոռի արձագանքը
Նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի արտահայտած մտքերը հոգևոր աշխարհի սպասավորների վերաբերյալ խիստ տարակուսելի են և դատապարտելի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր կյանքի իրողությունների հետ։ Մայր Աթոռը կոչ է անում զսպվածության և անդրադարձումի իր կողմից թույլ տրվող դատողությունների առնչությամբ։
Բոլոր ժամանակներում հայ եկեղեցականը եղել և մնում է իր հայրենիքի և իր ժողովրդի սպասավորը և պաշտպանը, կերտողը և պահապանը ազգային-հոգևոր արժեքների, իրագործողը ազգի իղձերի և ամոքողը նրա ցավերի։ Հեռու չենք գնա՝ հայրենական կյանքի վերջին ցավալի իրողությունները փաստել են, թե ով ո՛վ է և ով ինչի՛ է ընդունակ։ Մնացյալը, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ով ականջ ունի՝ կլսի, ով աչք ունի՝ կտեսնի»։