Ադրբեջանը փորձում է հայկական զորքի դուրսբերման խաղաքարտն օգտագործել, բայց հայկական կողմը չպետք է հերթական անգամ կուլ տա Ադրբեջանի պահանջները
Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է հայկական զորքի դուրսբերման խաղաքարտն օգտագործել, բայց հայկական կողմը չպետք է հերթական անգամ կուլ տա Ադրբեջանի պահանջները: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը.
«Ադրբեջանը 30 տարուց ավելի հայկական զորքերն Արցախից դուրս բերելու մասին է խոսում: Պետք է տարբերակել մեր անվտանգությունն ապահովող ուժի չափորոշիչները: Այս առումով բնական է, որ Ադրբեջանը պետք է իր խաղաքարտերն օգտագործի, բայց հայկական կողմը չպետք է հերթական անգամ կուլ տա Ադրբեջանի պահանջները: Ադրբեջանը տարբեր ձևերով փորձում է ոչ միայն հայկական զորքի դուրսբերման խաղաքարտն օգտագործել, այլ նաև Արցախն առհասարակ հայաթափել և Արցախի հարցը վերջնականորեն փակել»,-ասաց Իշխանյանը:
Իսկ թե գործող իշխանությունները կկատարե՞ն արդյոք Ադրբեջանի հերթական պահանջը, Դավիթ Իշխանյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանությունները կապիտուլյացիայից հետո շատ խոնարհաբար կատարում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները։ Իշխանյանի կարծիքով՝ շատ կարևոր է դիմադրողականություն ցուցաբերել տարբեր ճակատներում.
«Վերջին շրջանում, իհարկե բարեբախտաբար, մենք տեսնում ենք այդ ամենն արդեն Հայաստանի խորհրդարանում՝ փողոցային պայքարը տեղափոխվել է պառլամենտական միջավայր։ Որոշակի դիմադրության նշույլներ երևում է նաև Արցախում»,-ասաց զրուցակիցը:
Դավիթ Իշխանյանի համոզմամբ՝ Արցախից զորքերի դուրսբերման դեպքում, Ադրբեջանը նոր պահանջներ կդնի հայկական կողմի առջև.
«Ադրբեջանն այսօր կպահանջի Պաշտպանության բանակի և մեր անվտանգության հիմնական բաղադրիչի լուծարում, վաղն էլ՝ առհասարակ Զինված ուժերի չգոյությունն Արցախում։ Անընդհատ պահանջները թարմացնելով, հնարավոր է մի օր էլ պահանջի ռուս խաղաղապահների դուրսբերում կամ ընդհանրապես որևէ այլ երկրի զինված ուժերի բացառումն Արցախում, բնականաբար՝ բացի թուրքական զինված ուժերից։ Բայց մենք պետք է փաստենք, որ 91թ-ին ժողովրդի կամարտահայտությամբ անկախության ճանապարհն ենք որդեգրել, ինչպես նաև մենք ունենք միջազգային նորմերով հաստատված իրավունք՝ մեր ինքնապաշտպանությունը կազմակերպելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու առումով, իսկ այսօր այդ անվտանգությունը խաթարված է և դրա համար Զինված ուժերի ներկայությունը շատ կարևոր է»,-ասաց Իշխանյանը:
Անդրադառնալով ընդդիմության առաջարկած Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժելուն, զրուցակիցը մեկնաբանեց.
«Իշխանությունը շարունակում է իր որդեգրած քաղաքական գիծը, փորձում է իբր իր հասկացողությամբ տրամաբանական ավարտին հասցնել այն գիծը, որը սկսել է դեռևս 3 տարի առաջ՝ փակել Արցախի հարցը»։