Զոհվածի մայրն ահազանգում է՝ նա, ով իր որդու անունը շահարկելով տուն է ստացել, նրա կինը չէ

Օրերս Գյումրիում բնակարան են ստացել ժամանակավոր կացարաններում` տնակներում բնակվող Ջուլիետա Մելիքյանն ու Ռեմ Պարշկովան։ Նրանք բարեգործների ու լրատվամիջոցների առաջ ներկայացել են որպես 44–օրյա պատերազմում զոհված պայմանագրային զինծառայողներ Հովհաննես Խաչատրյանի և Արա Մկրտչյանի կանայք։
«Իմ որդու՝ Արա Մկրտչյանի անունը շահարկելով` մարդիկ բնակարան են ստացել: Մենք ընդհանրապես այդ կնոջը (Ռեմ Պարշկովային,–խմբ.) չգիտենք ու անակնկալի ենք եկել, երբ լրատվամիջոցներից իմացել ենք, որ իր այսպես կոչված ընտանիքը տուն է ստացել։ Սա կեղծիք ու խաբեություն է»,-ասել է Արա Մկրտչյանի մայրը՝ Մանիկ Թադևոսյանը։
Նա հավելեց, որ չնայած իրենց ընտանիքը ևս տնակում, շատ վատ պայմաններում է ապրում, բայց երբեք զոհված որդու անունը չեն շահարկել բնակարան կամ այլ օգնություն ստանալու համար:
«Ես միայն մի բան եմ ուզում ՝ իմ որդու անունը չշահարկեն։ Ինքն ունի օրինական կին ու որդի, ու ոչ մեկը չի կարող հանդես գալ որպես իր կին»,-նշել է Արայի մայրը:
Ռեմ Պարշկովան, ով բնակարանամուտին ներկայացել էր որպես Արա Մկրտչյանի կին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է` շփոթմունք է եղել:
«Լրատվամիջոցները բոլորը հարցրին, ես էլ շփոթմունքից որպես իմ երեխայի հայր` նշեցի Արա Մկրտչյանի անունը: Իմ դստեր հոր անունը իրոք Արա է, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, բայց չի զոհվել: Քանի որ ինքն իմ օրինական ամուսինը չէ, ես իր ազգանունը չեմ բարձրաձայնում, իսկ Արա Մկրտչյանին ես չգիտեմ»,-նշել է կինը։
Նա նույնը պնդել է նաև ասուլիսի ժամանակ, որին եկել էր Արա Մկրտչյանի մայրիկի հրավերով:
Լրագրողների այն հարցին, թե եթե ամուսինը չէր, որտեղի՞ց է նրա լուսանկարն իրենց նոր բնակարանում, Ռեմը պատասխանել է, թե պատերազմում զոհված զինվորների նկարներն իր մայրը որպես երախտիքի նշան` պահում է իրենց տանը:
Բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, «Armenian Fund»-ի և «Ժոզեֆ և Ալիս Դորյաններ» հիմնադրամների միջոցներով։ Երկսենյականոց բնակարաններն ամբողջությամբ կահավորվել են և ապահովվել կենցաղային տեխնիկայով։