3 նախագահների համաժամանակյա ակտիվացումը պատահական չէ.Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ»,

Դրա արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ ոչ միայն կորցրել է իր ունեցած հեղինակությունը, այլև մի տեսակ իզոլացված վիճակում է հայտնվել, երբ ոչ մեկը չի ցանկանում հաշվի նստել մեր երկրի կարծիքի հետ։ Այս իրողությունը իր հետքն է թողնում նաև երկրի ներսում առկա իրավիճակի վրա։ Քաղաքացիների շրջանում պահպանվում է ներքին հիասթափությունն ու ապագայի նկատմամբ հույսի կորուստը։ Պետությունը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից։ Դրա համար էլ որոշ դեպքերում անգամ տպավորություն էր առաջանում, որ ընդհանրապես պետություն գոյություն չունի, քանի որ իրենց պաշտպանելու հարցն ուղղակիորեն քաղաքացիների ուսերին էր մնում, և նրանք միայնակ պետք է իրենց «գլխի ճարը տեսնեին»։
Թերևս այս պատճառով է, որ հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ուղին՝ նպատակ չունենալով այլևս վերադառնալ Հայաստան։ Հասկանալի է, որ այսպիսով Փաշինյանի իշխանությունը երկիրը առաջնորդում է դեպի նոր վերահաս աղետ։ Այս ֆոնին ուշագրավ էին երեք օրվա ընթացքում ՀՀ նախկին երեք նախագահների կողմից հնչեցված ահազանգերը։ Հնարավո՞ր է սա պատահական համարել: Կարծում ենք՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել: Նախ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովի ընթացքում բավական կոշտ գնահատականներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների և Ալիևի հասցեին, ընդգծեց, որ Հայաստանի վերականգնման, մասնավորապես բանակի վերակառուցան համար տևական և համառ աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար նախ՝ իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ դա ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ապա հոդվածով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հոդվածում վերջինս ներկայացնում է «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը և հիշեցնում ժամանակին այդ թեմայով հրապարակած տեսակետները՝ բերելով իր հայտարարություններից ու ելույթներից ընդարձակ քաղվածքներ։ Երեկ էլ ասուլիսով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բազմակողմանիորեն վերլուծեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանայինից սկսած, ներքաղաքականով վերջացրած։
Նա փաստացի հայտարարեց օրվա իշխանություններին հեռացնելու քաղաքական պայքարի նոր փուլի մասին։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում, երբ Հայաստանը բավական բարդ վիճակում էր հայտնվել, նախկին երեք նախագահները, մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, հանդիպումներ ունեցան, քննարկեցին ու վերլուծեցին ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ նախաձեռնություն կար, որ Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը մեկնեն Մոսկվա՝ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու համար, սակայն իշխանությունները, ինչպես հիշում ենք, խոչընդոտեցին այցի իրականացումը, թեպետ Փաշինյանն ասում էր, թե ինքը դեմ չէ։
Կրկնենք՝ այս անգամ ևս երեք նախագահների գրեթե համաժամանակյա ակտիվացումը պատահական չէ։ Ու նախագահների կողմից հնչեցվող հայտարարություններն արվում են այն ֆոնին, երբ Փաշինյանն ու Ալիևը փոխադարձ պատրաստակամություն են հայտնում տևական դադարից հետո հանդիպում ունենալ, իսկ Հայաստանի վարչապետն անընդհատ «դրական ազդակներ» է ստանում Թուրքիայից։
Փաստորեն, նախկին նախագահներն իրենց խոսքի միջոցով ցանկանում են հանրությանը որոշակի ազդակներ հղել Հայաստանին սպառնացող նոր վտանգների ու դրանց դիմագրավելու հարցում իշխանությունների անկարողության մասին։ Արձանագրենք՝ իշխանափոխության օրակարգը ոչ միայն շարունակում է առօրեական մնալ, այլև գնալով դառնում է երկրի ու ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում