Տպավորություն է, որ ՀՀ-ին ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում

Պատգամավորն ընդգծեց՝ իրավիճակը ոչ միայն ռիսկային է նոր զարգացումների առումով, այլև քաղաքական ու բանակցային գործընթացների առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս։
«Սա ասում եմ նաև՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պաշտոնական հայտարարություններն առ այն, որ Հայաստանը չունի մաևրելու այլ հնարավորություն։ Այդ հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում», - ասաց Աբրահամյանը։
Նա հատկանշական համարեց նաև նախօրեին կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից առաջարկներ ստանալու շուրջ։
«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում, փորձում է ցույց տալ, որ այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում, տեղավորվում են Հայաստանի Հանրապետության շահերի տիրույթում, ինչի հետ կապված ես, բնականաբար, մեծ կասկածներ ունեմ», - ասաց պատգամավորը։