Գուրգեն Արսենյանի մեկնաբանումն ավելի զայրացրեց ծնողներին.Քաղաքական գործիչներն իրավունք ունեն հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել

ՔՊ խմբակցության պատգամավորը Ալեն Սիմոնյանի կողմից գերիներին «դասալիք» անվանելը բացատրեց զուտ հռետորաբանությամբ:
«Հասկացեք՝ դա հռետորաբանության ոլորտից է։ Հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և նաև իրավունք ունեն հնչեցնել, այդ հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որը կարող է մարդկանց համար դիտարկվել որպես կանոն։ Դա կանոն չէ, դա «օборот речи» է, ռուսերեն այդպիսի բան կա», - ասաց Արսենյանը:
Նրա բացատրությունը, սակայն, ավելի զայրացրեց գերիների ծնողներին։ Նրանք անընդունելի համարեցին Արսենյանի մտքերը, ՔՊ-ական պատգամավորը, սակայն, մնաց իր տեսակետին։
«Հռետորական, հրապարակային գործունեության պարագայում մարդիկ կարող են․․․ մարդիկ մարդ են, ու խոսելու, ինչ-որ նախադասություններ ասելու, ինչ-որ համեմատություններ անելու բանը հատուկ է մարդկանց։ Դրանով ենք մենք տարբերվում Երկիր մոլորակում մնացածից», - ասաց իշխանական պատգամավորը։
Ծնողների առարկությանը, որ Ալեն Սիմոնյանի «հռետորական արվեստը» իրենց զավակների կյանքը կարող է արժենալ, Արսենյանն արձագանքեց․ «Ես ձեր հետ այս պահին չեմ մտնում այդ հարցի քննարկման, երկխոսության մեջ»։